19 մարտի 2005 - 07:33 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱՍՆԵԼ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ
«Քանի դեռ ադրբեջանական հողերը օկուպացված են Հայաստանի կողմից, Ադրբեջանը խաղաղության չի գնա այդ երկրի հետ»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` ԱՄՆ Օկլոհոմայի նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Գարրի Ուայթի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: «Ցավով նշում եմ, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն առայժմ ոչ մի դրական արդյունքի չի կարողացել հասնել: Օկուպացված ադրբեջանական հողերում կուտակվել է զգալի քանակության զենք եւ զինամթերք, որը մեծ սպառնալիք է ներկայացնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի համար, որը կշահագործվի մոտ ժամանակներս: Այդ հակամարտության կարգավորման հարցում մենք շատ բան ենք ակնկալում Մինսկի խմբի ամերիկյան համանախագահից»,- ասել է Ս. Աբիեւը: Գ. Ուայթի խոսքերով` «նոր ժամանակաշրջանը կբացի նոր հնարավորություններ, Ադրբեջանը կվերածվի Հարավային Կովկասի առաջատար պետության»: Նա հայտնել է, որ Օկլոհոմայի նահանգը պատրաստ է փորձի փոխանակում անցկացնել պաշտպանության ոլորտում: Ս. Աբիեւը նշել է, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ հիմնական շահերը համընկնում են, այնուհետեւ` «Հայաստանի կողմից գրավված հողերի ազատագրում», Ադրբեջանը շեշտակի կզարգանա եւ կդառնա Հարավային Կովկասի առաջատար պետությունը: