ԲԱՔՈՒՆ ԳՈՀ Է ԵԱՀԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՑ

PanARMENIAN.Net - Բաքուն գոհ է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում փաստահավաք առաքելության զեկույցից, գրում է Բաքվի «Էխո» թերթը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդհանուր առմամբ հասել է իր նպատակին»: Նա հիշեցրել է, որ, նախաձեռնելով այս հարցի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանում` Ադրբեջանը նպատակ ուներ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել «Հայաստանի կողմից գրավյալ տարածքների բնակեցման» փաստին: «Ադրբեջանը չէր էլ պնդում, թե բացարձակ հավաստի տվյալներ ունի բնակեցման բոլոր փաստերի վերաբերյալ: Սակայն առաքելության կողմի հավաքած փաստերը մոտ են ադրբեջանական կողմի տվյալներին»,-ասել է նա: «Ես կասեի, որ Հայաստանի ԱԳՆ-ն միանգամայն միակողմանի է գնահատում առաքելության արդյունքները»,-ավելացրել է Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ առաքելության զեկույցը եւ ՄԽ համանախագահների հանձնարարականները թույլ են տալիս ադրբեջանական կողմին դիմել ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին` դրանց գործնական իրագործման համար օժանդակություն ստանալու համար: Դա, Ազիմովի կարծիքով, կարող է դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւի նոր թեմա: Այն հարցին, թե կպնդի արդյոք Ադրբեջանը տվյալ թեմայի կրկնակի ընդգրկման հարցում Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանի օրակարգում, Ազիմովը ասել է, թե Բաքուն կպնդի, որ այդ հարցը մտնի նաեւ 60-րդ նստաշրջանի օրակարգ: Ըստ Ազիմովի, «Հայաստանի պատասխանատվությունը գրավյալ տարածքների բնակեցման համար ակնհայտ է», եւ զեկույցում կան դրա անուղղակի ապացույցներ: Անդրադառնալով ԱԳՆ ղեկավարների մակարդակով Հայաստանի հետ բանակցությունների շարունակման թեմային` Ազիմովը ասել է, որ նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է ապրիլի կեսերին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---