Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերը հայտարարված է Գերմանիայի ամիս

Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերը հայտարարված է Գերմանիայի ամիս

PanARMENIAN.Net - Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ:

Ողջունելով Բունդեսթագի փոխնախագահին Հայաստանի խորհրդարանում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում հայ-գերմանական հարաբերությունները, և նման հադիպումները հարկավոր է օգտագործել` անդրադառնալու համագործակցության ծավալուն հնարավորություններին տարբեր ոլորտներում, հայտնում է ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նա հույս հայտնեց, որ Վոլֆգանգ Թիրզեի այցը Հայաստան, որի առիթը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակն է, նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական կապերին, իսկ դրանց հիմքում առաջնային կլինի Ազգային ժողով-Բունդեսթագ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը ևս կարևորեց երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժը՝ անդրադառնալով նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնություններ կյանքի կոչելու հնարավորություններին:

Կողմերն անդրադարձան ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացմանը, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Գերմանիայի հնարավոր դերակատարությանը, քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Արտակ Դավթյանը գերմանացի հյուրին տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերը հայտարարված է Գերմանիայի ամիս, որը կնշանավորվի մի շարք միջոցառումներով:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---