Արա Օշական. Շուշիում իմ լուսանկարներով կվերաբնակեցնեմ լքված տունը

Արա Օշական. Շուշիում իմ լուսանկարներով կվերաբնակեցնեմ լքված տունը

PanARMENIAN.Net - Շուշիում իմ լուսանկարներով կվերաբնակեցնեմ լքված տունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ճանաչված լուսանկարիչ Արա Օշականը, որը սեպտեմբերի 29-ին բանախոսությամբ հանդես եկավ TEDxYerevan 2012 կոնֆերանսում: «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցելու «Շուշի Արթ Փրոջեքթ» նախագծին: Ես և մյուս մասնակիցները փորձելու ենք արծարծել տեղային ինքնության, սոցիալ-քաղաքական, տնտեսական, պատմամշակութային խնդիրները: Անձամբ ես Շուշիում մի երկու հարկանի լքված տանը ներսում և արտաքին պատերին փակցնելու եմ մոտ 3 մետր բարձրությամբ վավերագրական լուսանկարներս` փորձելով այդ կերպ վերաբնակեցնել տունը: Դա իմ ուղերձն է. մենք պետք է վերաբնակեցնենք ոչ թե մեկ, այլ շատ տներ, Շուշին պետք է վերածնվի»,- նշեց լուսանկարիչը:

«Շուշի Արթ Փրոջեքթ» ժամանակակից արվեստի առաջին նախագիծը մեկնարկում է այսօր` հոկտեմբերի 1-ին Շուշիում: Մինչև հոկտեմբերի 14-ը շուրջ 20 արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից հանդես կգան բացօթյա պերֆորմանսներով, վիդեոարթով, լենդ-արթով և այլն:

Նախագծի ավարտից հետո այն կներկայացվի Երևանում` ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: ԹՈՒՄՈ-ում կցուցադրվեն նաև Արա Օշականի լուսանկարները:

TEDxYerevan 2012 կոնֆերանսում Արա Օշականը` 15 բանախոսներից մեկը, արվեստի և ստեղծարարության տեսանկյունից իր մտքերն արտահայտեց ինքնության վավերագրական պատկերման շուրջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---