13 ապրիլի 2005 - 07:55 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԲՐԱՅԱՆ ԱՐԴՈՒՆԻՆ
Ամերիկայի Հայկական համագումարի նոր գործադիր տնօրեն է նշանակվել կազմակերպության նախկին գործող գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հաղորդում է ԱՀՀ-ն: Արդունին կաշխատի Համագումարի Տնօրենների խորհրդի եւ Հոգաբարձուների խորհրդի հետ` ղեկավարելով կազմակերպության ծրագրերը Վաշինգտնում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Երեւանում եւ Ստեփանակերտում գտնվող գրասենյակների միջոցով: Աղբյուրը նշում է, որ Բրայան Արդունին կդառնա Ռոսս Վարդյանի հետնորդը, որը կշարունակի աշխատել ԱՀՀ-ում որպես հասարակայնության հետ կապերի եւ առաջնորդության զարգացման գծով տնօրեն: «Ես հուզված եմ Համագումարի առաջնորդների եւ պրոֆեսիոնալ աշխատակիցների հետ աշխատանքը շարունակելու հնարավորությամբ: Միասին մենք կաշխատենք կազմակերպության ընդլայնման եւ ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,-նշել է ԱՀՀ նորանշանակ տնօրենը: Մինչ ԱՀՀ-ին միանալը, Բ.Արդունին աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի անդամ Մայքլ Բիլիրաքիսի իրավախորհրդատու: Ավելի վաղ, նա եղել է քաղաքական գործողությունների հայ-ամերիկյան կոմիտեի(ARMENPAC) գործադիր տնօրեն: