ԵԱՀԿ գրասենյակը խրախուսում է ՀՀ ոստիկանության և լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը

ԵԱՀԿ գրասենյակը խրախուսում է ՀՀ ոստիկանության և լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա սեմինարի հիմնական նպատակն է ոստիկանության և լրատվամիջոցների միջև արդյունավետ համագործակցության խրախուսումը: Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը:

Մամուլի մոտ 30 ներկայացուցիչներ և 20 ոստիկանության աշխատակիցներ կքննարկեն այնպիսի խնդրահարույց ոլորտների լուսաբանում, ինչպիսիք են քրեական գործերի նախաքննությունը, անչափահասների մասնակցությամբ քրեական գործերը, թմրադեղերի թրաֆիկինգը:

«Ոստիկանության և մամուլի միջև արդյունավետ համագործակցությունը էական նշանակություն ունի ոստիկանության գործունեության և երկրում ընդհանուր անվտանգության իրավիճակի վերաբերյալ հասարակության ավելի լավ տեղեկացնելու գործում, ինչն իր հերթին կօգնի ոստիկանությանը պայքարել հանցավորության դեմ>>,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինը:

Սեմինարին նաև կմասնակցի Կոսովոյում ԵԱՀԿ առաքելության փորձագետ, ով կկիսվի իր հայաստանյան գործընկերների հետ մամուլի և ոստիկանության միջև համագործակցության իր փորձով:

ՀՀ ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ողջունեց նախաձեռնությունը նշելով. «ԶԼՄ-ների հետ ոստիկանության համագործակցության սերտացումը համահունչ է ոստիկանության թափանցիկության բարձրացմանն ուղղված մեր ջանքերի հետ: Լրագրողները պետք է լավ տեղեկացված լինեն ոստիկանական աշխատանքի առանձնահատկություններին, որպեսզի կարողանան օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել հասարակությանը: Այսօրվա միջոցառման նպատակն է նաև քննարկել այն խնդիրները, ընդհանուր մտահոգությունները և փորձել համատեղ գտնել լուծումներ»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սկսած 2009 թ-ից մի շարք միջոցառումներ է իրականացրել ոստիկանության և մամուլի միջև ավելի սերտ համագործակցություն խթանելու համար: Դրանց թվում են ոստիկանության և մամուլի ներկայացուցիչների միջև կոլր սեղան քննարկումները ՀՀ մարզերում, մամուլի հետ առնչություն ունեցող ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցի պատրաստումը, մամուլի և հասարակայնության հարցերով զբաղվող ոստիկանության աշխատակիցների համար դասընթացները և հանրությանը թարմ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ոստիկանության կայքի նորացումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---