ԱԺ նախագահ. Գործատուները չպետք է կարողանան աշխատողների նվազագույն աշխատավարձից անօրինական հարկումներ անել

ԱԺ նախագահ. Գործատուները չպետք է կարողանան աշխատողների նվազագույն աշխատավարձից անօրինական հարկումներ անել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի այսօրվա նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ օրենքով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013թ. համար սահմանել 35000 դրամ: Նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացման համար հիմք է ընդունվել 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: ՀՀ կառավարության 2012թ. հունիսի 18-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրով նախատեսվում է նշված ժամանակաշրջանում նվազագույն աշխատավարձը առնվազն կրկնապատկել:

Պատասխանելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե 2013 թ. համար նախատեսված նվազագույն աշխատավարձը՝ 35000 դրամը, փաստացի՞ աշխատավարձն է, ֆինանսների նախարարը ասել է, որ դա փաստացի աշխատավարձն է, այսինքն՝ այն հարկման ենթակա չէ: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է օրենքում այս հարցի հստակեցումն ու իրազեկումը, որպեսզի գործատուներն իրենց աշխատողների նվազագույն աշխատավարձից անօրինական հարկումներ չկատարեն:

Ինչպես հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա ասել, որ եթե օրենքից հանվեր եկամտահարկի մասին դրույթը, կարձանագրվեր նվազագույն անվանական աշխատավարձի չափը, որը մոտ 46 հազար դրամ է, բայց դա կլիներ որդեգրած քաղաքականության ու կարգի խախտում. հենց այդ 46 հազար դրամից են հանվում համապատասխան հարկերը և մնում է փաստացի աշխատավարձը՝ 35000 հազար դրամը:

Ավելացնենք, որ հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---