27 ապրիլի 2005 - 11:53 AMT
ՎՐԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆԻ
Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմակայանների դուրս բերումը Վրաստանից դժվարություններ չի առաջացնի Ախալքալակի հայերի համար, տեղեկացնում է BBC-ն: Նրա խոսքերով` Ախալքալակից ռազմակայանի դուրս բերումից հետո երկրի իշխանություններին կհաջողվի ապահովել այլընտրանքային աշխատատեղեր Ախալքալակի հայ բնակչության համար: Մեկնաբանելով այն փաստը, որ Ախալքալակի հայ բնակչությունը դեմ է հանդես գալիս ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերման առնչությամբ` նախարարը նշել է, որ ժողովրդավարական պետություններում մարդկանց միջեւ տարբերություն չի դրվում էթնիկ նշաններով: «Դա հիմնադրվել է դեռեւս Խորհրդային միությունում»,- նշել է Զուրաբիշվիլին: «Մենք բոլորս Վրաստանի քաղաքացիներ ենք: Գոյություն ունի միայն տեղական խնդիր, որը մենք կհաղթահարենք»,- հայտարարել է նա: «Մենք դեռեւս ժամանակ ունենք` մինչեւ ռուս զինվորականները ազատեն տարածքը, եւ այս տարվանից մենք աշխատում ենք տարածաշրջանի տնտեսական զարգացման ուղղությամբ, ինչը կլրացնի բացթողումները, որոնք գուցե առաջանան ռուսաստանյան ռազմակայանների դուրս բերումից հետո»: «Միեւնույն ժամանակ, ռուսաստանյան կողմը փորձում է մեզ ապացուցել, որ ռազմակայանի դուրս բերումից հետո կառաջանան խնդիրներ: Սակայն դա բնական «խաղ է» եւ դա մեզ համար անսպասելի չէր»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: «Մենք նույնիսկ քննարկել ենք այդ հարցը Հայաստանի ղեկավարի հետ եւ հավաստիացրել ենք, որ ոչ մի խնդիր չկա»,- եզրափակել է Վրաստանի արտգործնախարարը: