Արմեն Աշոտյանը համոզված է, որ հեռացած մասնագետների մի մասը` որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք

Արմեն Աշոտյանը համոզված է, որ  հեռացած մասնագետների մի մասը` որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին և Մարտին Չալֆին, ովքեր մեր երկրում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ինչպես նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ու Մատենադարանի աջակցությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել նրանց այցը Հայաստան` նշելով, որ հայ երիտասարդ գիտնականների և ուսանողների համար Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը եզակի հնարավորություն է հաղորդակցվելու առաջադեմ գիտական մտքին:

Այս համատեքստում նախարարն անդրադարձել է գիտության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, գիտության ֆինանսավորման և բյուջետային հատկացումների հարցերին` ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար գերակա է գիտության ոլորտի զարգացումը, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է գիտությանը տրամադրվող ծախսերն ավելացնել 1 մլրդ 20 մլն դրամով: Նախարարն անդրադարձել է նաև «ուղեղների արտահոսքի» խնդրին` նշելով, որ վերոնշյալ հարցն այսօր արդիական է ողջ աշխարհում: Արմեն Աշոտյանը զրուցակիցներին հայտնել է, որ հեռացած մասնագետների մի մասը` որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք` իրենց ստացած փորձով և կապերով: «Պետությունը փորձում է չխզել իր կապն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տաղանդավոր հայ երիտասարդների հետ. կարևորն այն է, որ նրանք երբեք չմոռանան իրենց հայրենիքը և իրենց փորձն ու գիտելիքները ներդնեն հայկական գիտության զարգացման գործում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ գիտության համակարգը բարդ ոլորտ է, որտեղ պահանջվում է համակարգված մոտեցում: Ֆինանսական մեխանիզմներից զատ, ըստ նախարարի, առկա է նաև կաղապարների, մտածելակերպի, կառուցվածքային փոփոխության խնդիր: Նոբելյան մրցանակակիրները, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել են, որ, ծանոթանալով Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին և հանդիպումներ ունենալով երիտասարդ գիտնականների հետ, բարձր են գնահատում հայ գիտական ներուժը և տպավորված են Հայաստանի բարձրագույն կրթության հաստատությունների մատուցած կրթական ծառայություններով: Նրանք կարևորել են երիտասարդների` գիտությամբ զբաղվելու ցանկությունը և հույս հայտնել, որ իրենց հանրային դասախոսություններն օգտակար և հետաքրքիր են եղել հայ երիտասարդների համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---