2013 թ. բյուջեից միջոցներ կհատկացվեն ՄԻՊ 4 լրացուցիչ հաստիքների համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորներին ներկայացրեց այս ոլորտում ֆինանսական հոսքերը: Նա նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կառավարություն ներկայացրած հայտով խնդրել է 2013 թ. բյուջեից միջոցներ հատկացնել 4 լրացուցիչ հաստիքների համար. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար ծրագրված ու վերջինիս կողմից պահանջվող միջոցների տարբերությունը կազմում է մոտ 12 մլն դրամ:

ՄԻՊ աշխատակազմում նախատեսվող 4 նոր հաստիքների և լրացուցիչ ֆինանսավորման հարցը պարզաբանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր տարի ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսվող միջոցներն ավելանում են միջինը 10 մլն դրամով, այս տարի իրենք կառավարությունից խնդրում են 2013 թ. բյուջեով նախատեսել 176 մլն դրամ:

Պատգամավորները հարցերի միջոցով հիմնավորումներ ստանալուց հետո կարծիք հայտնեցին, որ ՄԻՊ գրասենյակի կողմից կառավարությանը ներկայացված հաստիքները բավարարման ենթակա են, և կարիք կա, որ վերջինս նախատեսի դրանք 2013 թ. պետական բյուջեում:

Նույն օրը Արտակ Զաքարյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ԱԳՆ ֆինանսավորումը: Այն կկազմի 10 մլրդ 557 մլն դրամ, որը 2012 թ.-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է մոտ 1 մլրդ 420 մլն դրամով: ԱԳՆ ապարատի ավելացումները կազմել են 1 մլրդ 175 մլն դրամ: Նախարարության պահպանման ծախսերը 2013 թ.-ին ծրագրավորված է 1 մլրդ 279 մլն դրամի չափով: Ըստ Պավել Սաֆարյանի՝ 919 մլն դրամի չափով ավելացել են ՀՀ դեսպանություններին և ներկայացուցչություններին հատկացվող ծախսերը՝ կազմելով մոտ 7 մլրդ 611 մլն դրամ: Ծախսերի աճը պայմանավորված է նոր բացվող դեսպանություններով:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը վարում էին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց ոլորտի ֆինանսական հատկացումները, նշելով, որ ոլորտի մի շարք ծրագրերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ 298,3 մլն դրամ:

Մասնավորապես ՝ 140 մլն դրամ հատկացվելու է Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների գծով կրթության Ազգային ինստիտուտին, ինչն այս տարվա հատկացումից ավելի է 50 մլն դրամով: Ավելացումը կապված է Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնման հետ: 122 մլն դրամ հատկացվելու է ԵՄ օրենսդրությունը հայերեն թարգմանելու գործին: 36 մլն դրամ նախատեսված է հատկացնել ԵՊՀ-ում գործող «Եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնի պետական աջակցություն կենտրոնին»՝ պահպանման ծախսերի համար: Բյուջետային հատկացումներից բացի՝ ոլորտ կուղղվեն նաև մի շարք դրամաշնորհներ, որոնք հատկացնելու է Եվրամիությունը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ոլորտում 2013 թվականի համար նախատեսված ծրագրերը: Ընդգծելով Եվրամիության հետ հարաբերությունների բարձր դինամիկան՝ ԱԳ նախարարն ասաց, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010 թվականի հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են այս տարվա հունիսին, երկու փուլերի արդյունքում արդեն որոշակի առաջընթաց է արձանագրվել: Ավարտվել են Վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները, որոնք նախաստորագրվել են այս տարվա հոկտեմբերին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ երկու համաձայնագրերն առաջիկայում կստորագրվեն: Նախատեսվում է 2013 թվականին ավարտել նաև Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների փուլը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---