Թբիլիսիում բացվել է լուսանկարիչ Ազատ Մանուկյանի ցուցահանդեսը

Թբիլիսիում բացվել է լուսանկարիչ Ազատ Մանուկյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն»մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է Ազատ Մանուկյանի լուսանկարների ետ մահու ցուցահանդեսը, որը նվիրված է նրա 75-ամյակին: Ինչպես հայտնում են «Հայարտուն» կենտրոնից, բազմամարդ դահլիճում հավաքվել էին վարպետ ստեղծագործողին ճանաչողները, գործընկերները, բարեկամ-հարազատները, ընտանիքի անդամները: Ներկաների շրջանում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ազատ Մանուկյանի արվեստի գնահատողները:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, բացելով ցուցահանդեսը տեղեկացրեց, որ այն կազմակերպել են Վրաստանի հայ նկարիչների միությունը և «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների աջակցությամբ և ափսոսնքով նշեց, որ նախատեսված Ազատ Մանուկյանի անհատական ցուցահանդեսը դարձավ ետմահու: Ցուցահանդեսում տեղ գտած մոտ 90 լուսանկարների շրջանում են սիրելի և անմոռաց դեմքեր, պատմական դեպքեր ու իրադարձություններ, որ լուսանկարչական արվեստի կատարելությամբ անմահացրել էր կոլորիտային հայը Հավլաբար թաղամասից: Խոսելով Ազատ Մանուկյանի լուսանկարչական արվեստի մասին, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարևորեց լուսանկարչի մոտ գործող կախարդական եռանկյունին՝ դա լուսանկարչական սարքն էր, լուսանկարվող սուբյեկտը և լուսանկարողի ճիշտ ընտրած պահը, որը ակնթարթային մի շրխկոցով «կանգնեցնում էր» ամենազոր ժամանակի հանդարտ ընթացքը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 17-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---