Հմայակ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել Սենիկ Ջուլհակյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու համար

Հմայակ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել Սենիկ Ջուլհակյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին թույլ չեն տվել մտնել իր գրասենյակ: Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ 2012թ. մարտ ամսին Կառավարության համապատասխան որոշմամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին օտարվել է Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի մի հատվածը, որի մաս են կազմում շենքի աստիճանավանդակներն ու միջանցքը, որով նա անցնում է, որ գնա իր գրասենյակ:

«Ապրիլին «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի նոր սեփականատեր Սենիկ Ջուլհակյանը, մի խումբ կանանց հետ, եկել ու չէին թողնում, որ այդ միջանցքով և աստիճանավանդակներով իմ գրասենյակ մտնեմ: Արդեն սովորական է դարձել նման գործերում կանանց խառնելը: Ես նրանց ասացի, որ նմանվում են ծախու կանանց, ովքեր ինչ-որ մեկի պատվերով գալիս են խոչընդոտելու ԱԺ պատգամավորի թեկածուի քարոզարշավը: Հրմշտոց եղավ: Ինձ դատի տվեցին ու դատավորն էլ մեղավոր ճանաչեց», բայց ես ոչ մեկին մատով չեմ դիպչել - PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով ամբողջ դատաիրավական համակարգը կոռումպացված է և միայն ՄԻՊ գրասենյակն է, որ գործում է հասարակ մարդու շահերից ելնելով:

ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ դիմել են Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն, բայց այդպես էլ հստակ չի պարզաբանվել կառավարության տվյալ որոշման իրավաչափությունը։ Չի հստակեցվել նաև այն հանգամանքը, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին գույքն օտարելիս հաշվի չի առնվել շենքի մյուս սեփականատերերի համաձայնությունը:

Պետական գույքի կառավարման վարչության մամուլի խոսնակ Մարգարիտ Սարգսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ այս թեմայով ՄԻՊ գրասենյակը մի քանի անգամ հարցում ուղարկել է, ու իրենք միշտ պատասխանել են:

«Դրանցում բարդ իրավաբանական ձևակերպումներ կան, թող նրանց իրավաբաններն ավելի ուշադիր լինեն», - ասաց Մարգարիտ Սարգսյանը:

Այլ մեկնաբանություն նա չտվեց: Նախապես PanARMENIAN.Net ի թղթակցին ասել էր որ կխոսի համապատասխան մասնագետների հետ ու անհրաժեշտ տեղեկությունները կտա: Իսկ հետո ասաց, որ աշխատանքային օրն ավարտվում է ու հարցին կանդրադառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակիցPanARMENIAN.Net ին հայտնել էին, որ Կառավարության որոշման արդյունքում Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի սեփականատերերը զրկվել են աստիճանավանդակներից ու միջանցքից օգտվելու հնարավորությունից։ Որպեսզի նրանք կարողանան օգտվել այդ տարածքներից, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն պետք է նրանց հետ կնքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր: Մինչդեռ, համաձայն ՀՀ օրենսդրության՝ շենքի աստիճանավանդակներն ու միջանցքները են ընդհանուր օգտագործման տարածքներ են, որոնցից իրավունք ունեն օգտվել շենքի բոլոր սեփականատերերը, իսկ գույքի սեփականատիրոջ հետ անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր կնքելն իրավաչափ չէ: Դեռ ավելին, կառավարության որոշմամբ այդ տարածքների տրամադրումը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին շենքի մյուս սեփականատերերի սեփականության իրավունքի խախտում է, քանի որ ըստ օրենքի շենքի ընդհանուր օգտագործման տարածքը տվյալ շենքի բոլոր սեփականատերերի սեփականությունն է:

Պաշտպանը նաև առաջարկել է Պետական գույքի վարչությանը հանդես գալ կառավարության տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել և շենքի սեփականատերերի իրավունքները դեռ մնում են ոտնահարված։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---