Էդուարդ Շարմազանով. Հանրապետականը ոչ թե ձևի հետևից է ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության

Էդուարդ Շարմազանով. Հանրապետականը ոչ թե ձևի հետևից է ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության

PanARMENIAN.Net - Վերջին տասնօրյակում քաղաքական ուշագրավ զարգացումներ եղան. հանկարծահաս հայտարարություններ, ռեվերանսներ, քաղաքական հնարքների տարատեսակ դրսևորումներ: Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում:

«Քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, Հանրապետականը ոչ թե ձևի հետևից է ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության: Մենք վճռական ենք նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու մեր իսկ կողմից ձևավորված քաղաքական օրակարգում առկա այն բարեփոխումները, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության շարունակական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության սոցիալական և տնտեսական վիճակի բարելավմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը:

Հարկ է նշել, որ արտաքին քաղաքականության բնագավառում ևս ականատես եղանք որոշակի զարգացումների: Նախ և առաջ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Նախագահ Սարգսյանը երեք հստակ ուղերձ հղեց. առաջին՝ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, երկրորդ՝ Ադրբեջանը զինվում է և պատրաստվում պատերազմի և երրորդ՝ իրավիճակի վատթարացման դեպքում հայկական ուժերը կարող են «անհամաչափ» ուժեղ պատասխան տալ: Հնարավոր դրական տեղաշարժ կարող է արձանագրվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ: Սրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն Օլանդը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իր հանձնառությունը»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են թե՛ համակարգային բարեփոխումները շարունակելու, թե՛ արտաքին քաղաքական օրակարգում հայանպաստ լուծումների հասնելու հարցում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---