14 նոյեմբերի 2012 - 18:10 AMT
Լուսանկարչական ցուցահանդես ԱԺ-ում

Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովի «Կանաչ» սրահում բացվեց լուսանկարչուհի Ազատուհի Մնացականյանի անհատական ցուցահանդեսը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ազատուհի Մնացականյանը լուսանկարիչ-դիզայներ է, «Նորեոն» ստեղծագործական կենտրոնի, դիզայներների միջազգային միության, ինչպես նաև Հայաստանի դիզայներների միության անդամ: Ստացել է բազմաթիվ մրցանակներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց երիտասարդ լուսանկարչուհու ֆոտոցուցահանդեսը՝ բարձր գնահատելով նրա ստեղծագործությունները:

Պատգամավորն ընթերցեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված Ազատուհի Մնացականյանի նամակը, որտեղ նա երախտագիտություն էր հայտնում ԱԺ նախագահին իր ստեղծագործություններն ուշադրության արժանացնելու և ԱԺ ցուցասրահում դրանք ներկայացնելու առաջարկն ընդունելու համար:

Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ նա առաջինն էր, ով արձագանքեց իր նամակին: Լուսանկարչուհին տեղեկացրեց, որ երեք տարի այցելել է հայ անվանի մարդկանց արվեստանոցներ, բնական, աշխատանքային վիճակում լուսանկարել նրանց, որ սերունդները միշտ հիշեն մնայուն արժեքներ ստեղծող հայ երախտավորներին:

Ազատուհին հյուրերին ներկայացրեց նաև այն լուսանկարը, որը՝ որպես լավագույն փորձարարական աշխատանք, վերջերս ոսկե մեդալ է ստացել Տաշքենդի Բիենալեում:

Լուսանկարչուհին տեղեկացրեց, որ Տաշքենդի Բիենալեում ինքը ներկայացրել էր չորս պատմություն: Ընտրվել է լուսանկարներից մեկը, որը կոչվում է «Ազատազրկում»: Այդ մրցանակը նա համարեց նաև Հայաստանինը: «Մեծ հաղթանակ է, երբ լուսանկարդ հայտնվում է մի այնպիսի վայրում, որտեղ ներկայացված են նաև թուրք և ադրբեջանցի լուսանկարիչների գործերը, և հաղթում ես դու»,- ասաց Ազատուհի Մնացականյանը: