ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակվեն

ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակվեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կյող-Բիզոյին: Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ուրախ եմ, որ պետք է համագործակցենք կարևոր ծրագրերի իրականացման գործում: Մենք կարևորում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում և վերջին 20 տարում համատեղ իրականացված ծրագրերը հաջողված ենք համարում», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ 1992 թվականից Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակում ծավալվող աշխատանքներին ու համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Այդ համատեքստում կողմերը կարևորել են համատեղ իրականացվող հազարամյակի զարգացման նպատակներին ուղղված ծրագրի, ինչպես նաև «Կանոնակարգիչ գիլյոտին» և «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրերի շարունակական իրականացումը: Կառավարության ղեկավարը խոսել է նշված ծրագրերի արդյունավետության մասին, մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:

Պարոն Կյող-Բիզոն հավաստիացրել է, որ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշել է, որ տարածաշրջանում Հայաստանը տնտեսական բավական լավ ցուցանիշներ է արձանագրում և բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---