Հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Վիեննայում

Հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Վիեննայում

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառման շրջանակներում նոյեմբերի 22-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանությունում տեղի ունեցավ Հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին և Վիեննայում Մխիթարյան տպարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Մխիթարյան Միաբանությունը` Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական վարչության օժանդակությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, իջոցառմանը ներկա էին Ավստրիայի նախագահական նստավայրի, կառավարական շրջանների, ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, Վիեննայի քաղաքապետարանի և Վիեննա քաղաքի շրջանային ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, քաղաքագետներ, հասարակական շրջանների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում հավատարմագրված ավելի քան 20 երկրների դեսպաններ, ավստրիահայ համայնքային կազմակերպությունների ղեկավար և շարքային անդամներ, Հայ առաքելական եկեղեցու Հայրապետական պատվիրակ և հոգևոր հովիվ Տեր Անդրիաս քահանա Իսախանյանը և եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ասենբաուերը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Վիեննայում հավատարմագրված այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Մխիթարյան միաբանության Վիեննայի մասնաճյուղի առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ժասմին Դում-Թրագուտը: Դեսպան Կիրակոսյանը, ի թիվս նշանավոր հոբելյանների, իր ելույթում անդրադարձավ ընթացիկ տարում նշվող Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին և այդ կապակցությամբ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության` այս տարվա հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցին: Միջոցառման շրջանակներում Մխիթարյան թանգարանում կազմակերպվեց Հայ հնատիպ գրքի ցուցահանդես, ուր ներկայացված են 1512 թվականից ի վեր աշխարհի տարբեր վայրերում հրատարակված և Միաբանության թանգարանում պահվող հայ գրատպության նշանավոր նմուշները:

Դեսպանության ջանքերով կազմակերպվեց նաև համերգային ծրագիր` Ավստրիայի Գրաց քաղաքի Արվեստների համալսարանում 2007 թվականին հիմնադրված լարային քառյակի և Երևանից ժամանած երիտասարդ երգչուհի Էկա Հորստկայի մասնակցությամբ: Կատարվեցին Կոմիտասի, Գրիգոր Նարեկացու և Բաղդասար Դպիրի ստեղծագործությունները: Միջոցառման ավարտին Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց ընդունելություն` ի նշանավորումն հոբելյանական իրադարձությունների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---