24 նոյեմբերի 2012 - 13:46 AMT
Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի աճյունում հայտնաբերվել է ԴԴՏ, կադմիում, ամերիցիում և պոլոնիում

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի աճյունում հայտնաբերվել են վտանգավոր թունավոր և ռադիոակտիվ նյութեր: Ըստ «Զամանի», դատաբժշկական փորձաքննությունը Օզալի աճյունում հայտնաբերել է ԴԴՏ (թույն), կադմիում (ծանր մետաղ), ամերիցիում և պոլոնիում (ռադիոակտիվ նյութեր):

Զեկույցում ասվում է, որ ԴԴՏ-ի մեծ քանակը կարող է շոկի և հանկարծամահության պատճառ դառնալ: Թույնը նաև սրտխառնոց, լուծ, քրտնարտադրություն, սպազմեր ու ջղաձգումներ է առաջացնում:

Կադմիումը կուտակվում է ոսկրերի մեջ: Այդպիսով հյուսվածքի վերարտադրման գործընթացը դանդաղում է, իսկ մարդն ուժեղ ցավ է զգում:

Ռադիոակտիվ ամերիցիումը և պոլոնիումը քայքայում են օրգանիզմը աստիճանաբար, զրկելով մարդուն ուժից ու առողջությունից, առաջացնելով հոգնածություն ու հյուծվածություն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 20 տարի անց Թուրգուտ Օզալի աճյունի արտաշիրիմման արդյունքում նրա աճյունի մեջ վտանգավոր թույն է հայտնաբերվել՝ ստրիխնին-կրեատին:

Bugun թերթը հղում է անում իր աղբյուրներին: Թերթը ենթադրում է, որ Օզալը թույնը ստանում էր սննդի հետ:

Հիշեցնենք, որ հանգուցյալ թուրք նախագահի արատշիրիմումը զարմացրել է փորձագետներին՝ հիմնականում դին չի ենթարկվել քայքայման, այդպիսով, մասնագետները բավականին նյութ ունեն ուսումնասիրման համար:

Թունաբանները հայտարարում են, որ թունավոր ստրիխնին կրեատին նյութը խախտում է օրգանիզմի շնչառական ֆունկցիաները և կարող է հանգեցնել ինսուլտի կամ սրտի կաթվածի:

Հիշեցնենք, որ Օզալը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից 1993 թվականի ապրիլի 17-ին: Մահվան պաշտոնական պատճառը սրտի անբավարարությունն է, սակայն նրա այրին գտնում է, որ իր ամուսնուն թունավորել են: