Ոչ սահմանված տեղերում և առանց թույլտվության բացօթյա առևտրի համար վարչական տույժերը կմեծանան

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ստեփան Մարգարյանի նախագահությամբ հանձնաժողովը քննարկել և ԱԺ աշնանային, ինչպես նաև առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն վերաբերում է ոչ սահմանված տեղերում առևտուր անելու և առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար վարչական տույժեր սահմանելուն: Առաջարկվում է որոշակիորեն մեծացնել այդպիսի գործունեություն իրականացնելու համար սահմանված վարչական տույժերը: Մասնավորապես ոչ սահմանված վայրերում առեւտուր անելու համար առաջարկվում է սահմանել վարչական տույժ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից յոթանասունապատիկի չափով: Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական ապրանքներ իրացնողներին նախատեսվում է տուգանել նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով և այլն:

Առանց թույլտվության բացօթյա առևտուր անելու համար պաշտոնատար անձինք կտուգանվեն ավելի մեծ չափով, քան սովորական քաղաքացիները:

Ըստ Կամո Արեյանի` ներկայում գործող վարչական տույժերը չեն նպաստում այս անընդունելի առևտրատեսակի վերացմանը, ուստի անհրաժեշտություն է առաջացել, մեծացնելով վարչական տույժերը, կանոնակարգել դաշտը:

Պատասխանելով պատգամավորների մտահոգություններին` Կամո Արեյանը նկատել է, որ գործում է շրջիկ առևտուր իրականացնելու մեխանիզմ, ինչից էլ կարող են օգտվել փոքր չափի առևտուր իրականացնող անձինք:

Կամո Արեյանը ներկայացրել է նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի վերացնել գործող օրենսդրության տարընթերցումները և նոր ձեւակերպումներով հստակեցնել առևտրի և ծառայությունների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսվարող սուբյեկտների լիազորություններն ու պարտականությունները, գործունեության որոշ տեսակների համար նախատեսել թույլտվության ստացում, տեղական տուրքի վճարում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախագծով առաջարկվում է վարչական տույժեր սահմանել բացօթյա առևտրի ժամանակ վաճառվող ապրանքի պահման և վաճառքի համար համապատասխան սարքավորումներով չապահովելու, կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելու, կշռափաթեթավորված և վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայության և այլ դեպքերի համար:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Օրինագծի նպատակը համայնքային ծառայությանը վերաբերող դաշտի կարգավորումն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---