10  02.12.12 - Վերսկսվել է Գանձասարի եկեղեցու երեսպատումը...

Վերսկսվել է Գանձասարի եկեղեցու երեսպատումը (վիդեո)

Վերսկսվել է Գանձասարի եկեղեցու երեսպատումը

PanARMENIAN.Net - Երեկ PanARMENIAN.Net ն ահազանգ ստացավ, որ կրկին վերսկսվել է Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատումը: PanARMENIAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանը վաղ առավոտյան շտապել է ահազանգի հետքերով, և, ինչպես պարզել է, լուրերը հաստատվում են: Բնակիչները ասացին, որ աշխատանքները մոտ մեկ շաբաթ է, ինչ տարվում են: Ներկայացնում ենք Գանձասարից լուսանկարները, տեսանյութն ու ՀՀ պատմական հուշարձանների ճարտարապեոտների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանի նամակը դեպքի առնչությամբ:

«Մի տարուց մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ Գանձասարի երեսապատման խայտառակ պատմության առաջացրած բուռն կրքերի ալեկոծությունից հետո հրապարակեցի ճարտարապետիս և քաղաքացուս մտորումները փաստի վերաբերյալ: Այն ժամանակ, միամտաբար, կարծեցինք, թե պետությունը և ակտիվ մտավոր հասարակությունը, համատեղ ջանքերով, հաղթանակ են տարել տգիտության, անճաշակության և անօրինության դեմ: Բայց պարզվում է, որ ոչ:

Աշնան մառախլապատ ու ցուրտ օրերին, նենգաբար և գողեգող, վերսկսվել է ծաղրուծանակը Գանձասարի շքեղ վանքային համալիրի նկատմամբ: Հավանաբար հույս ունեին, թե ձմռանը ոչ ոք չի այցելի սրբատեղին, և աննկատ իրենց սև գործը կավարտեն:

Այսքանից հետո արդեն հույս էլ չկա, թե ինչ-որ բան կարելի է անել: Պարզվում է, որ մեր ավանդական և ազգային արժեքները մենք ի վիճակի չենք պաշտպանել, քանզի դրանում շահագրգռված չեն ոչ իշխանավորները, ոչ էլ, ցավոք սրտի, եկեղեցականները (բայց ոչ եկեղեցին ): Այսօր նորից կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, ուր իրենց կեղտոտ լվացքն են անում անդեմ ու օտարամոլ բարերարները: Նախորդ նամակում աշխատել եմ չանձնավորել տեղի ունեցածը: Բայց հիմա վերջանականապես պիտի ասեմ իմ կարծիքը, որ նման բարերարությունը թքած ունի թե պետության, թե հասարակության վրա: Բարերարը սկզբունքորեն որոշել է երեսապատել վանքը, հաստատելու իր գերիշխանությունը հայկական երկու պետությունների նկատմամբ, որոնք որոշում էին ընդունել խայտառակությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ես հույս ունեմ, որ Աստված մեզ կօգնի: Դրանց արած անորակ երեսապատումը երկար չի ապրի: Իսկ երբ այս գործի տերերը կհայտնվեն Աստծո դատաստանի առաջ իրենց արած “մեծ գործերի” համար, մեր զավակները կշտկեն, կվերականգնեն այլանդակվածը, իսկ բարերարների երբեք չեն էլ հիշի, որ իզուր նրանց մասին վատ բան չխոսեն: Տերը մեզ հետ: Ամեն»:

Նախորդ տարվա հուլիսին աղմուկ բարձրացավ, որ Գանձասարի եկեղեցու պարսպապատերը երեսպատում են: Շինարարության նախաձեռնողը գործարար Լևոն Հայրապետյանն էր: Հասարակական մեծ աղմուկից հետո շինարարությունը դադարեցվել էր:

 Ուշագրավ
Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
---