ԲԱՔՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՔՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՄԵՆ ՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

PanARMENIAN.Net - Հարեւան Ադրբեջանում իրենց պարտքն են համարում ԼՂՀ-ում անցկացվող ամեն մի ընտրությունից առաջ աղմուկ բարձրացնել դրանց օրինականության եւ լեգիտիմության շուրջ: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը` մեկնաբանելով Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարություններն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում անցկացվող ցանկացած ընտրություն անվավեր է: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այդ կապակցությամբ ԼՂՀ ԿԸՀ ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց լուծել է իր կարգավիճակի հարցը` միջազգային իրավունքի հիմքի վրա 1991 թ. հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ հավաստելով այն 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով: Ներկայումս ԼՂՀ-ն դե-ֆակտո կայացած անկախ պետություն է, որը օրինական կարգով անց է կացնում նախագահական, խորհրդարանական - տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2005 թ. հունիսի 19-ին կայանալիք ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններն արդեն չորրորդ խորհրդարանական ընտրություններն են նրա անկախ պետականության պատմության մեջ: Դրանից առաջ հանրապետությունում կայացել են նախագահի երեք համաժողովրդական ընտրություններ եւ այդքան էլ` տեղական ինքնակառավարման մարմինների: Ինչպես տեղեկացնում է Ս. Նասիբյանը, ներկա պահին հանրապետության Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացնում են նախապատրաստական եւ կազմակերպական անհրաժեշտ միջոցառումներ, որոնք ուղղված են արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական սկզբունքներին համահունչ ընտրությունների կայացմանը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված ընտրություններին հետեւած տեղացի եւ արտասահմանյան դիտորդները բազմիցս նշել են դրանց որակապես ավելի բարձր մակարդակը` Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների համեմատ: Հնարավոր է, որ մեր հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ ադրբեջանական կողմի անառողջ աղմուկի պատճառներից մեկն էլ այդ է»,-ասել է Ս. Նասիբյանը` նշելով, որ Ադրբեջանում անցկացվող ընտրությունները, միջազգային դիտորդների գնահատմամբ, անփոփոխ ուղեկցվում են համընդհանուր նորմերի կոպիտ խախտումներով եւ չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Նրա խոսքերով` ԼՂՀ ընտրական հանձնաժողովները լի են բարի ավանդույթները շարունակելու եւ ամեն ինչ անելու վճռականությամբ, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունները դառնան հերթական քայլը Լեռնային Ղարաբաղի պետության կայացման, պետականության ամրապնդման եւ ժողովրդավարության հետագա զարգացման ճանապարհին: «Ադրբեջանական կողմից հնչող «մտավախությունը», թե ընտրությունները կարող են խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ծայրաստիճան անհիմն են: Հակառակը` Լեռնային Ղարաբաղում օրինական ընտրված իշխանությունների առկայությունը կարող է միայն խթան ծառայել բանակցային գործընթացի համար»,- նշել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---