Վազգեն Սաֆարյան. 2013-ին Հայաստանում տնտեսական իրավիճակը լարված կլինի

Վազգեն Սաֆարյան. 2013-ին Հայաստանում տնտեսական իրավիճակը լարված կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի պետբյուջեի նախագիծն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, սակայն այն ունի սոցիալական ուղղվածություն, այլ ոչ թե ներդրումային, դեկտեմբերի 7-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, Հայաստանի պետբյուջեն 2013-ին առայժմ չի լուծում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունը, ցածր կենսաթոշակը և այլն:

Այնուամենայնիվ Վազգեն Սաֆարյանը դրական միտումներ է տեսնում, քանի որ 2013-ի պետբյուջեով նախատեսվում է 300 մլն դրամ Հայաստանի արդյունաբերության զարգացման աջակցությանն ուղղված հիմնադրամի ստեղծման համար` երկրի կառավարության կողմից մշակվող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:

Անդրադառնալով 2013-ի տնտեսական քաղաքականության իրագործմանը` փորձագետը նշել է, որ այն արմատական փոփոխության կարիք ունի, մասնավորապես, խոսքը գնում է տեղի արտադրության զարգացման, ռազմավարական ոլորտներում պետության մասնակցության մասին:

Միության նախագահն անդրադարձել է պետական պարտքի սպասարկմանը: «2013-ին Հայաստանում տնտեսական իրավիճակը լարված կլինի: 2013-ը Հայաստանի համար ամենաբարդը կլինի պետական պարտքի սպասարկման տեսանկյունից, որին կուղորդվի շուրջ 430 մլն դոլար»,- ասել է նա:

Բացի դրանից, ծանր կլինի նաև հարկային բեռը, քանի որ 2013-ին Հայաստանի կառավարությունը մտադիր է 120 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտները, այն դեպքում, երբ 2012-ին հարկային եկամուտների ավելացումն արդեն դժգոհություն է առաջացրել հարկային մարմինների մոտ:

2013-ի Հայաստանի համախմբված պետբյուջեի եկամուտները պլանավորվում են 1 տրիլիոն 32.7 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 152.5 մլրդ դրամի: 2013-ին հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ստացումները նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով ավելի է, քան 2012-ին պլանավորված ցուցանիշը: Դեֆիցիտը կկազմը 119.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2.6 տոկոսը:

Գնաճի 12-ամսյա ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի սահմաններում, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոսի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---