Մեկնարկեց «ArmNet 2012» միջազգային կոնֆերանսը

Մեկնարկեց «ArmNet 2012» միջազգային կոնֆերանսը

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկեց «Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային 3-րդ կոնֆերանսը: Միջոցառումն անցկացվում է «ArmNet 2012» նախագծի շրջանակում և նվիրված է վեբ տեխնոլոգիաներին, բիզնեսի և ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում դրանց ներդրմանը:

«ArmNet 2012»-ի կազմակերպիչ «Ինտերնետ Հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը ողջույնի խոսքում նշեց, որ «ArmNet 2012» միջազգային կոնֆերանսը ևս մեկ է առիթ է` բարձրաձայնելու ներկայումս հայկական և համաշխարհային համացանցում առկա խնդիրները, խոսելու նորարարությունների և ձեռքբերումների մասին: «Այսօր հայկական կայքերի վեբ անվտանգությունը բավական ցածր է և նման միջոցառումները նպաստում են այդ անվտանգության բարձրացմանը»,- նշեց նա: OrangeArmenia-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանն իր հերթին փաստեց, որ «ArmNet» նախագիծը 3 տարվա ընթացքում կայացել է և իր ավանդը ներդրել հայկական ինտերնետի և կայքերի զարգացման գործում:

Կոնֆերանսի ընթացքում կներկայանան ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի փորձագետներ` Անտոն Մերկուրովը (Instid Russia փորձագետ, Ռուսաստան), Արտաշես Մկրտչյանը (Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար, Հայաստան), Իլյա Սիդորովը (Google Russia նախագծերի ղեկավար, Ռուսաստան), Միխայիլ Իլյիչովը (Վեբ բիզնեսի փորձագետ, Ռուսաստան), Սամվել Մարտիրոսյանը (Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Հայաստան), Էրվան Լը Նագարը (Orange Ֆրանս Տելեկոմ Խումբ, սոցիալական մեդիաների փորձագետ, Ֆրանսիա), Րաֆֆի Հալաջյանը (sen.se հիմնադիր, Ֆրանսիա), Օլիվեր Վագները (BuzzRank GmbH գործադիր տնօրեն, հիմնադիր և SocialObjects GmbH գործադիր տնօրեն, հիմնադիր, Գերմանիա):

«ArmNet 2012» համահայկական վեբ-մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը`«ArmNet Awards 2012»-ը, տեղի կունենա այսօր` ժամը 20:30-ին: Հայտնի կդառնան հաղթողների անունները 8 անվանակարգերում` ըստ միջազգային մասնագիտական ժյուրիի և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի, որի հաղթողը կորոշվի SMS-քվեարկությամբ:

«ArmNet 2012» մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 540 կայքեր, բլոգեր և անձնական էջեր: Մրցույթի հիմնական 7 անվանակարգերի հավակնորդների ցանկը հայտարարվել է նոյեմբերի 30-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---