Սփյուռքի նախարարությունը և Մխիթարյան Միաբանությունը համատեղ ստեղծել են Հակոբ Մեղապարտի հուշամեդալը![]() 18 դեկտեմբերի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Վենետիկի Մխիթարյան Միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 16-ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ հայ գրատպության նվիրյալների հոգիների հանգստության համար մատուցվեց Սուրբ Պատարագ: Առանձնակի հետաքրքրություն ներկայացրեց Սուրբ Ղազարում բացված` տպագրության հնագույն սարքերի և գործիքների ցուցադրությունը: Նախարարը բացման խոսքում գնահատեց Մխիթարյանների անուրանալի ներդրումը հայ գրատպության զարգացման գործում և նշեց, որ ՀՀ Նախագահի հովանավորությամբ և աջակցությամբ շուտով կսկսվեն Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքները: Երեկոյան Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սրահում տեղի ունեցավ «Գասպար Եդեսացի» համույթի «Պայծառ Նաիրի» երաժշտական-բանաստեղծական պիեսի բեմադրությունը: Իտալացի երիտասարդները ներկայացրեցին հայ բանաստեղծների և երգահանների ստեղծագործությունները հայերենով: ՀՀ սփյուռքի նախարարն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց համույթի իտալացի անդամներին բարձրարվեստ կատարումների համար: Նա միջոցառումը գնահատեց որպես հայ-իտալական մշակութային բարեկամության լավագույն օրինակ: Դեկտեմբերի 17-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության կողմից կազմակերպված «Հայ գրքի հետքերով» խորագիրը կրող գիտաժողովը, որին մասնակցեցին հայ և այլազգի գիտնականներ, հայագետներ: Բացման խոսքով ելույթ ունեցավ Մխիթարյան Միաբանության Ընդհանրական աբբահայր Գերաշնորհ Հայր Եղիա վրդ. Քիլաղպյանը: Գիտաժողովում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ Մեսրոպյան գյուտից հետո հայ ժողովրդի հոգևոր կյանքում Վենետիկում առաջին գրքի նշանակությունը, ևս մեկ անգամ արժևորեց Հակոբ Մեղապարտի` հայ հոգևոր և աշխարհիկ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդը, ներկայացրեց հայ գրքի անցած ճամփան և նախանշեց բարձր տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօրվա անելիքները: Ելույթներով հանդես եկան պրոֆեսորներ Ռուդի Կորեան, Քլոդ Մութաֆյանը, Ագնես Ուզունյանը, Ռայմոն Գեորգյանը, Հ.Վահան Վրդ, Օհանյանը և այլ հայտնի գիտնականներ: Գիտաժողովով ավարտվեցին ուղիղ մեկ տարի առաջ հայ գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք սկսվել էին Վենետիկում` հայ առաջին գրքի ծննդավայրում, ՀՀ Նախագահի մասնակցությամբ: Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը և Մխիթարյան Միաբանությունը համատեղ ստեղծել են Հակոբ Մեղապարտի հուշամեդալը, որը հանձնվելու է հայ գրատպության պատմության մեջ մեծ ավանդ ունեցող գործիչներին: Հակոբ Մեղապարտ հուշամեդալի պատրաստումը հովանավորում է «Զանգակ» հրատարակչությունը, որը Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |