19 դեկտեմբերի 2012 - 16:01 AMT
Լևոն Արոնյանը Նոր տարին կդիմավորի Ֆիլիպիններում

Հաղթանակ տանելով Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի կույր շախմատի մրցաշարում՝ Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է, որ մրցաշարը հետաքրքիր էր: «Առաջին մի քանի օրերին ես պայքարում էի քնի պակասի դեմ, ինչը կապված էր տարբեր ժամային գոտիների հետ, սակայն հետո ես վերականգնվեցի և հաղթեցի իմ սիրած մրցաձևում՝ կույր շախմատում»,-գրել է գրոսմայստերը:

Արոնյանը նաև խոստովանել է, որ իր համար շատ հաճելի էր ներկա գտնվել Չինաստանում Հայաստանի դեսպանտանը կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էր նաև Շառլ Ազնավուրը: «Յուրաքանչյուր հայի համար Ազնավուրը սուրբ է և նրան հանդիպելը մեծ փորձառություն հանդիսացավ ինձ համար: Ես մի քիչ ամաչեցի խնդրել նրան, որ ինձ հետ լուսանկարվի, սակայն ես խմբային լուսանկար ունեմ նրա հետ: Երեկոն հիանալի մթնոլորտում անցավ»:

Շախմատիստը խոստովանեց, որ Նոր տարին դիմավորելու է Ֆիլիպիններում, իսկ հետո հանդես կգա Վեյկ ան Զեեի մրցաշարում, որը կանցնի հունվարի 11-17 Հոլանդիայում: Նա շնորհավորել է բոլորին Ամանորի կապակցությամբ և լավ տոներ մաղթել բոլորին: