ԼՂՀ զարգացման 4 կարևոր ուղղություններից 3-ը բնապահպանական են

ԼՂՀ զարգացման 4 կարևոր ուղղություններից 3-ը բնապահպանական են

PanARMENIAN.Net - ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 19-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Այցի ընթացքում Արամ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Ինչպես հայտնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, վարչապետը նշել է, որ Արցախի Հանրապետությունն ունի զարգացման չորս կարևոր ուղղություն, որից երեքն առնչվում են բնապահպանության ոլորտի հետ: Վարչապետն ընդգծել է, որ բնապահպանության ոլորտում Արցախն ունի որակյալ մասնագետների պակաս: Արա Հարությունյանը կարևորել է Հայաստանի աջակցությունը որակյալ կադրեր պատրաստելու հարցում: Ըստ վարչապետի Արցախում բնապահպանական խնդիրների շարքում են ջրերի և անտառների կառավարումը: «Համապատասխան գույքագրում և հաշվարկներ չունենալու պատճառով տեղի է ունենում ռեսուրսների վատնում, իսկ դա կարող է հանգեցնել ջրային և անտառային ռեսուրսների նվազմանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

ՀՀ բնապահպանության նախարարը հավելել է, որ նախարարությունն ամեն ինչ կանի Արցախին աջակցելու գործում: Խոսելով հանքարդյունաբերության խնդիրների մասին՝ նախարարն անդրադարձել է ֆլոտացիայի, կոնցենտրատների և պոչամբարների հարցերին: Հայկական և արցախյան պատվիրակությունների ղեկավարները քննարկել են նաև ձկնաբուծության զարգացման և ԼՂՀ ամենամեծ ջրային ավազանում՝ Սարսանգի ջրամբարում, մանրաձուկ բաց թողնելու վերաբերյալ հարցեր: Հայկական կողմը ԼՂՀ կառավարությանը նվիրել է ավտոմեքենա, տեսչական համազգեստներ և համակարգիչներ: Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---