23 հունիսի 2005 - 08:14 AMT
ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ես դրական եմ գնահատում հունիսի 17-ին Փարիզում կայացած բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի միջեւ: Դրանք թույլ տվեցին տեսնել նոր, լրացուցիչ հնարավորություններ մոտ ժամանակներս կարգավորման հիմքերը մշակելու համար: Շատ կարեւոր էր խթան դարձած մայիսի 15 Վարշավայում տեղի ունեցած նախագահների հանդիպումը: Մենք հուսով ենք, որ Բաքու եւ Երեւան կատարած մեր այցերի ժամանակ այդ դրական միտումները հնարավոր կլինի ամրապնդել եւ զարգացնել»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ռուս դիվանագետը դրական է գնահատել ադրբեջանական կողմի առաջարկը վերականգնելու Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Նախիչեւան ավտոճանապարհը: «Հաղորդակցությունների բացումը կարգավորման կարեւոր բաղադրիչ է: Սակայն, ըստ իս, դա այնուամենայնիվ երկրորդական է այլ` առանցքային հարցերի համեմատությամբ,-ասում է համանախագահը:-Դեռեւս չի կարելի ասել, թե երբ կբացվի այդ ճանապարհը, մեծ խաղաղության կնքումից առաջ թե հետո: Շատ հնարավոր է, որ որոշ հատվածներ կարող են բացվել ավելի շուտ, քան ողջ երթուղին ընդհանուր առմամբ: Նախարարների վերջին բանակցություններում այդ հարցը մանրամասնորեն չի քննարկվել: Չեմ կարող ասել, թե խոսք է գնում հաղորդակցությունների բացման մասին»: Հիշեցնենք, որ հետագայում բանակցային գործընթացին կմիանան նաեւ փորձագետները, ինչն, ըստ Մերզլյակովի, աշնանից շուտ չի լինի: «Առաջին փուլում համանախագահները ստիպված կլինեն համակարգել փորձագետների աշխատանքը: Փորձագետները կողմերի ընդլայնված պատվիրակությունն է, իսկ փորձագետների ներգրավման հարցը դեռեւս չի քննարկվել»: Յուրի Մերզլյակովը նաեւ ասել է, որ համանախագահների հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա հունիսի 11-ին: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվը հայտնի կդառնա համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ: Նա չի բացառել նախագահների հանդիպման անցկացման հավանականությունը Կազանում: