Իոանիս Տայիսը պատրաստակամ է նպաստել Երևանի և Աթենքի միջև կապերի ամրապնդմանը

Իոանիս Տայիսը պատրաստակամ է նպաստել Երևանի և Աթենքի միջև կապերի ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և հունական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային կապերն այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Իոանիս Տայիսը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել առավել ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, այդ թվում նաև Երևան և Աթենք քաղաքների միջև: «Երկու երկրների պատմական անցյալն ու ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է և հնարավորություն է տալիս փոխգործակցության եզրեր գտնելու ու դրանք երկուստեք զարգացնելու համար»,- նշել է դեսպանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համառոտ ներկայացնելով քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները, Տարոն Մարգարյանը կարևորել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---