8 հուլիսի 2005 - 08:04 AMT
ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ
ՌԴ Պետդումայի նիստում այսօր կքննարկվի Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ Կամավոր վերաբնակեցման ընթացքի կանոնակարգման մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության վավերացման մասին օրենքը: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում եւ երկարաձգվել է 2004 թվականին Երեւանում: Պայմանավորվածության առարկա է հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիների մի պետության տարածքից մյուսը վերաբնակեցման եւ վերաբնակների եւ նրանց ընտանիքների անդամների ունեցվածքային իրավունքների պաշտպանության կարգը: Մասնավորապես, նախատեսվում է ազատել վերաբնակներին մաքսային տուրքերից, հարկերից եւ գանձումներից: Ռուսաստանն ու Հայաստանը պարտավորվում են աջակցել վերաբնակներին եւ նրանց ընտանիքների անդամներին կացարանի վարձակալման, ձեռք բերման եւ կառուցման հարցերում: Իրավաքաղաքացիական վեճերը վերաբնակների եւ շահագրգիռ անձանց միջեւ այն սեփականության վերաբերյալ, որը գտնվում է մեկնման պետության տարածքում, պետք է կարգավորվեն դատական կարգով այդ պետության տարածքում ըստ նրա օրենսդրության: Կամավոր վերաբնակեցման ընթացքի կանոնակարգման մասին համաձայնագրի գործողության ժամեկտը երկարացնելու մասին արձանագրությունը Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ հավանության է արժանեցել Ռուսաստանի կառավարության կողմից 2005 թվականի մայիսի 16-ին: Փաստաթղթի համաձայն ՌԴ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Չեկալինը նշանակվում է ՌԴ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ Դաշնային Ժողովի պալատներում այդ հարցի քննարկման ընթացքում: