22 հուլիսի 2005 - 11:30 AMT
ԱՄՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՉՀԱՏՎՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հարավային Կովկասում տարածաշրջանային տնտեսական նախաձեռնություններից Հայաստանի դուրս մնալը սպառնում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը` ուղղորդված տարածաշրջանում կայունության եւ համագործակցության մթնոլորտի խթանմանը»,- ասվում է «Հարավային Կովկասում բացված երկաթուղիների եւ ինտեգրման մասին 2005 թվականի ակտի» օրենքի նախագծում, որը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել: Ներկայացված օրինագիծը արգելում է ԱՄՆ-ին օժանդակել Կովկասում երկաթուղիների շինարարության այն նախագծերին, որոնք շրջանցում են Հայաստանը: Նախագծի գործնական միջոցների բաժնում ԱՄՆ-ին արգելվում է օժանդակել երկաթուղային կամ երկաթուղիների հետ կապված հաղորդակցությունների ստեղծմանը կամ զարգացմանը, որոնք չեն հատվում Հայաստանի հետ կամ էլ կապ չունեն նրա հետ, սակայն հատվում են Բաքվի, Թբիլիսիի եւ էլ Ղարսի հետ կամ էլ նրանց հետ կապ ունեն: Օրինագծի ընդունման դեպքում արգելքը տարածվելու է արտաքին տնտեսական օգնության եւ զարգացմանն ուղղված օգնության վրա, Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի, ինչպես նաեւ Առեւտրի ու զարգացման գործակալության եւ Արտահանման-ներմուծման բանկի գործունեության վրա: Նշենք, որ այս տարվա մայիսին Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները հայտարարել էին Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապող երկաթուղային միջանցք կառուցելու մտադրության մասին: Նախատեսվել էր, որ այդ նախագծի իրագործման ուղղությամբ ֆինանսական օգնություն ստանալու համար, որը կազմում է 1 մլրդ դոլար, նախաձեռնողները կդիմեն ԱՄՆ կառավարությանը, տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» գործակալությունը: