22 հուլիսի 2005 - 12:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ
Հուլիսի 24-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի քան մեկ ամիս առաջ Ա.Մարգարյանի Թբիլիսի կատարած այցի ժամանակ Վրաստանի վարչապետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանում կկայանա Անդրանիկ Մարգարյանի եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի հանդիպումը, որտեղ հայ-վրացական համագործակցության հետ կապված այլ հարցերի շարքում կողմերը կքննարկեն նաեւ Ջավախքի հիմնախնդիրները եւ ՀՀ կառավարության աջակցությամբ դրանց լուծման հնարավորությունները: Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները կհանդիպեն հայ-վրացական սահմանի վրա, այնուհետ կմեկնեն Սաթխա գյուղ, որտեղ հանդիպում կունենան գյուղի բնակչության հետ: Երկու վարչապետներն էլ կայցելեն նաեւ Գանձա, Վահան Տերյանի տուն-թանգարան: Կողմերը կմասնակցեն Վահան Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, որից հետո կմեկնեն Նինոծմինդա եւ Ախալքալաք: Հուլիսի 25-ին Հայաստանի վարչապետը կմեկնի Թբիլիսի, որտեղ կամփոփվեն այցի արդյունքները: