Վաղը Հայաստանի հրեական համայնքը Երևանում հիշատակի միջոցառում կանցկացնի

Վաղը Հայաստանի հրեական համայնքը Երևանում հիշատակի միջոցառում կանցկացնի

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի միջազգային օրն է: Վաղը ժամը 15:00-ին Հայաստանում հրեական համայնքը հիշատակի միջոցառում է կազմակերպում Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

«Հուշարձանի վրա, որի մոտ կանցկացվի միջոցառումը, գրված է՝ «Լինել, կամ մոռանալ»: Սա նշանակում է, որ եթե մենք մոռանանք այն, ինչ եղավ հրեա ժողովրդի հետ Համաշխարհային պատերազմի տարիներին, մենք այլևս չենք լինի: Եթե աշխարհը աչք չփակեր Հայոց ցեղասպանության վրա, շատ հնարավոր է՝ նույն բանը չկատարվեր հրեաների հետ: Հոլոքոստը եղավ, որովհետև մարդկությունը չբռնեց Թուրքիայի ձեռքը, երբ կոտորվում էր հայ ժողովուրդը»,-ասաց Ռիմա Վարժապետյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը, նշեց, որ շատերը խոսում են այս երկու ցեղասպանությունների առանձնահատկությունների մասին, բայց դրանք ավելի շատ ընդհանրություններ ունեն.«Բոլորը գիտեն, որ Հիտլերը ժամանակին հրեաների մասին խոսելիս ասել է՝ «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը»: Սա նշանակում է, որ այո, եթե պատժվեր Թուրքիան, չէր լինի Հոլոքոստը:

Ի տարբերություն Հոլոքոստի, որը տեղի ունեցավ հրեաների ոչ պատմական հայրենիքում, Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ մեր պատմական հայրենիքում, եթե Հոլոքոստը ընդունվել և ճանաչվել է, ապա պետք է ճանաչվի նաև Հայոց ցեղասպանությունը: Մեր երկու ժողովուդներին միավորում է ոչ միայն վիշտը, այլ նաև պայքարը, որ այսուհետ աշխարհում ոչ մի ցեղասպանություն չլինի: Այս հարցում մենք հրեական լոբբիստական կազմակերպությունների օգնության կարիքն էլ ունենք, քանի որ դրանք շատ ազդեցիկ են և հայտնի են ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Եվրոպայում, բայց մենք տեսնում ենք նաև , որ հրեական շատ կառույցներ փորձում են չեզոքություն պահպանել: Ես կոչ կանեի, որ նրանք հիշեին, որ Հայոց ցեղասպանության ժամանակ հրեաներ էլ են սպանվել, որ մեզ միայն վիշտը չէ, որ միավորում է, այլ նաև պայքարը, որ այսուհետ աշխարհը նման ոճիր չտեսնի»,-ասաց պատմաբանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---