Հայոց բանակի օրվա առթիվ Էջմիածնում պատարագ է մատուցվել

Հայոց բանակի օրվա առթիվ Էջմիածնում պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ մատուցվել է սուրբ պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հայտնում են Էջմիածնի մամուլի դիվանից:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ:

Խոսքն ուղղելով ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին`Վրթանես Սրբազանընշել է. «Հորդորում ենք հայոց զինված ուժերի յուրաքանչյուր գիտակից ծառայակցի, որպեսզի լցված միաբանության ոգով, շարունակի իր արդար ու հաղթական երթը, քանզի հայոց բանակը այն կարևորագույն հիմնաքարն է, որի վրա պիտի խոյանա մեր ժողովրդի միասնության սրբազան տաճարը»:

Ս. Պատարագի ավարտին կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն` ի շինություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:

Վեհափառ Հայրապետը Հայ եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրել է գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանին և գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ Արցախյան ազատամարտին մասնակցած և զինված ուժերում հոգևոր ծառայությանը նպաստած մոտ 20 հոգևորական պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---