ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ` ՊԱՏՎՈ ԼԵԳԻՈՆԻ ՇՔԱՆՇԱՆԸ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը չորեքշաբթի օրը հռչակագիր է ստորագրել հայտնի հասարակական գործիչ, գործարար, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ եւ ՅՈՒՆԵՍԿՈՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով` Պատվո լեգիոնի շքանշանով պարգեւատրելու մասին: «Արա Աբրահամյանը շատ բան է արել ռուս-ֆրանսիական կապերի զարգացման համար,-ասել է Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ավդեեւը:-Նա «Ռուս-ֆրանսիական երկխոսություն» հասարակական ասոցիացիայի համանախագահն է, որը ստեղծվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ: «Արա Աբրահամյանը աջակցել է խորհրդային զինվորի հուշարձանի կանգնեցմանը Փաքրիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը Մեծ Հաղթանակի 60-ամյակի առիթով, նա կազմակերպել է արդյունավետ երկկողմ գործարար համաժողովներ, ինչպես նաեւ ռուսական կինոյի փառատոն նորմանդական Օնֆլերե քաղաքում»,-նշել է Ա.Ավդեեւը: «Արա Աբրահամյանի գործունեությունը ռուս-ֆրանսիական ասպարեզում առանձնանում է ոչ միայն ջերմ զգացմունքներով, այլ նաեւ կոնկրետ գործերով,-ընդգծել է Ռուսաստանի դեսպանը:-Այդ պատճառով համարում եմ, որ ֆրանսիացիները արդարացիորեն են արժանացրել Արա Աբրահամյանին այդ բարձր պարգեւի,-նա նրանցից մեկն է, ով իր ձեռքերով է ստեղծում ռուս-ֆրանսիական համագործակցությունը նոր պայմաններում»: Պատվո լեգիոնի շքանշանը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոնի կողմից: Պարգեւը հանձնվում է Ֆրանսիայի առջեւ ունեցած ակնառու ծառայությունների համար եւ ունի հինգ աստիճան, հաղորդում է Իտար-Տասսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---