Վարդան Մինասյան. Չեխիայի հետ խաղը բեկումնային կլինի

Վարդան Մինասյան. Չեխիայի հետ խաղը բեկումնային կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջիկա հավաքի ժամանակ իրենք աշխատելու են լուծել մի շարք խնդիրներ:

«Թիմը վաղուց չի հավաքվել, և սա լավ հնարավորություն է ընտրական խաղերից առաջ միմյանց հետ խաղալու և շփվելու: Բացի այդ, մենք ունենք հենակետային կիսապաշտպանի խնդիր և այս հավաքի ժամանակ կտեսնենք, թե ինչպես պետք է լուծենք այս խնդիրը: Կա նաև մեկ այլ խնդիր` Չեխիայի խաղին որակազրկման պատճառով չեն մասնակցի երկու ֆուտբոլիստներ, իսկ երկուսն էլ վնասվածքներ ունեն»,- ասաց Մինասյանը:

Մարզչական կազմը թիմ է հրավիրել չորս նոր ֆուտբոլիստի, որոնք, ըստ Մինասյանի, կփորձարկվեն Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղի ժամանակ:

«Ես անձամբ ծանոթ եմ Նորայր Ասլանյանին, իսկ Արտյոմ Խաչատուրովի և Միխայիլ Մարկոսովի հետ մոտիկից կծանոթանամ հավաքի ժամանակ: Ինչպես գիտեք, ինձ համար կարևոր են ոչ միայն ֆուտբոլիստի խաղային որակները, թիմում շատ կարևոր է մարդկային լավ հարաբերությունը»,- ավելացրեց գլխավոր մարզիչը:

Հայաստանի հավաքականն այս տարվա աշխարհի առաջնության ընտրական առաջին խաղում, որը կկայանա մարտի 26-ին Հայաստանում, կհանդիպի Չեխիայի ընտրանուն: Մինասյանն ընդգծեց, որ այդ խաղը բեկումնային կլինի. «Հաղթանակի ձգտումը, նվիրվածությունը և երկրի համար հաղթանակի հասնելը միշտ կա մեր տղաների մոտ, կարծում եմ այս տարին ավելի հաջող կդասավորվի»:

Իսկ արդեն փետրվարի 3-ին Հայաստանի հավաքականը կմեկնի ֆրանսիական Վալանս քաղաք, որտեղ երկու օր անց «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին, կհանդիպի Լյուքսեմբուրգի ընտրանուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---