ԿԲ կանխատեսում. Բանկային հատվածը 2013թ. կարող է մինչև 25 տոկոս աճ գրանցել

ԿԲ կանխատեսում. Բանկային հատվածը 2013թ. կարող է մինչև 25 տոկոս աճ գրանցել

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային հատվածը 2013թ. կարող է մինչև 25 տոկոս աճ գրանցել ֆինանսական միջնորդության ավելացման հաշվին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վերջին 5 տարում ֆինանսական միջնորդության աճը Հայաստանում միջինը կազմել է 25-27 տոկոս: Եթե 2007թ. ընդհանուր վարկային պորտֆելը 400 մլրդ դրամ էր, ակտիվները՝ 700 մլրդ դրամ, ապա այսօր այդ ցուցանիշներн աճել են մի քանի անգամ:

Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2012թ. տվյալներով կազմել է 1,5 տրլն դրամ, բանկային համակարգի ակտիվները 2012թ. ավելացել են 18 տոկոսով կամ 368,5 մլրդ դրամով՝ կազմելով 2,4 տրլն դրամ: 2012թ. ավարտին բանկային համակարգի ընդհանուր կապիտալը ավելացել է 10,5 տոկոսով կամ 38,9 մլրդ դրամով՝ կազմելով 109,5 մլրդ դրամ: 2012թ. տվյալներով բանկային հատվածի ընդհանուր շահույթը կազմել է 42,7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2011թ. ցուցանիշը 15 տոկոսով: Կապիտալի շահույթի ցուցանիշը (ROE) կազմել է 11,2 տոկոս, իսկ ակտիվների շահութաբերության նորմը (ROA) – 2 տոկոս:

Ըստ ԿԲ նախագահի, ֆիինանսական վարկավորման ոլորտում վերջին 2-3 տարում ակտիվացել է բիզնես-վարկավորումը:

Ամփոփելով բանկային տարին՝ Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն ասել է, որ ֆինանսական միջնորդության ցուցանիշը թեև գրանցում է ամենամյա հետևողական աճ, սակայն դեռևս հեռու է զարգացած երկրների բանկային համակարգերի ցուցանիշից, որտեղ այն հասնում է 120 տոկոսի: Սակայն նա հույսը չի կորցնում և վստահ է, որ Հայաստանը կհասնի այդ բարձր ցուցանիշին, իսկ դրա համար աստիճանաբար աճել է պետք:

Նախօրեին բանկային հատվածի վերաբերյալ իր կանխատեսնումները ներկայացրեց նաև է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության անդամ, Գլխավոր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: Նա նշեց, որ 2013թ. Հայաստանի բանկային հատվածի աճի տեմպերը կպահպանվեն 2012թ. մակարդակի վրա:

Ըստ նրա, անկումը բանկային համակարգում, որն արձանագրվեց 2009-2010թթ., փոխարինվեց աճով 2011-2012թթ., ընդ որում 2012թ. աճը համակարգում կազմեց միջինը 20 տոկոս: «2103թ. ՀՀ բանկային համակարգում 18-22 տոկոս աճ կգրանցվի»,-հավելեց Գևորգ Թառումյանը:

Փորձագետը նշեց, որ վարկավորման աճ է եղել ոչ միայ կորպորատիվ հատվածում, այլ նաև ֆիզիկական անձանց վարկավորման գծով, ինչը վկայում է բնակչության վարկունակության աճի մասին, ինչպես նաև հիփոթեկային վարկավորման գծով:

Որպես բանկային համակարգի նվաճում կարելի է դիտարկել նաև «չաշխատող» վարկերի կրճատումը 2011թ. 4 տոկոսից մինչև 3,6 տոկոս 2012թ., ինչպես նաև 28-ով գրասենյակների քանակի ավելացումը՝ մինչև 494: Հարկ է նշել, որ բանկերի բաժանմունքների 43 տոկոսը կենտրոնացած է Երևանում՝ 213, իսկ մարզերի թվում առաջատար են Լոռին՝ 37, Կոտայքը՝ 36 և Շիրակը՝ 36: Առևտրային բանկերի 7 տոկոսը բաժանմունքներ ունեն Արցախում:

1000 խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել նաև երկրի բոլոր առևտրային բանկերը՝ 21 բանկ, որոնք պետբյուջե են վճարել 25,8 մլրդ դրամ՝ 2011թ. 21,5 մլրդ դրամի դիմաց:

5 առաջատար բանկերի թվում են ACBA-ն՝ 3,6 մլրդ դրամ, « HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն՝ 2,7 մլրդ դրամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 2,6 մլրդ դրամ, «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն՝ 2,3 մլրդ դրամ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն՝ 1,7 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---