ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ԽԼԵԼ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ ՆՎԱՃՎԱԾ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 2-ին տեղի են ունենում տոնական միջոցառումներ, նվիրված հանրապետության հռչակման 14-ամյակին: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով: Լեռնային Ղարաբաղի ղեկավարի ուղերձում մասնավորապես ասվում է.«Մեր գլխավոր տոնը մենք նշում ենք պահպանվող հրադադարի պայմաններում, որը թույլ է տալիս մեզ հարաբերականորեն հանգիստ պայմաններում շարունակել ազատ եւ անկախ Արցախի կառուցումը, որը ժողովրդի կամքով ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին: Եվ թեեւ ԼՂՀ-ն դեռեւս չի ստացել միջազգային ճանաչում, մեր պետությունը ապացուցել է աշխարհին, որ այն կայացել է ոչ միայն դե-ֆակտո, այլ նաեւ առաջ է անցել շատ հարեւաններից եվրոպական հանրության չափանիշներին համապատասխանելու մակարդակով: Դրա վկայությունն են սույն թվականի հունիսին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնք բարձր գնահատական են ստացել անկախ միջազգային դիտորդների կողմից: Արցախցիներին ոչ ոք չի տվել ժողովրդավարության դասեր, ինչպես դա ամեն օր եւ ամեն ժամ տեղի է ունենում Ադրբեջանի պարագայում` մի երկիր, որտեղ մինչ այժմ կայացած եւ ոչ մի ընտրություն` նախագահական, խորհրդարանական թե տեղական չի համապատասխանել ժամանակակակից ժողովրդավարական հանրության նորմերին: Այսօր Ադրբեջանը ընդունակ չէ պաշտպանելու սեփական ժողովրդի իրավունքները, էլ չասած այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին: Սակայն այդ փաստն արդեն բավական է, որպեսզի աշխարհի առաջադեմ հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը սեփական, Ադրբեջանից անկախ ինքնիշխան պետություն ունենալու իրավունքը: Այդպիսին են այսօրվա իրողությունները, որոնց հետ ստիպված են հաշվի նստել աշխարհում, այդ թվում նաեւ Ադրբեջանում: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Բաքվի իշխանությունները ամեն կերպ ջանում են թաքցնել ադրբեջանական ժողովրդից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հաջողությունները իրավական, ժողովրդավարական պետության կառուցման գործում, թույլ չտալով իր քաղաքացիներին այցելել ԼՂՀ, շփվել ղարաբաղցիների հետ: Սակայյն նման վարքը անհեռանկարային է, քանի որ դա ավելի է օտարացնում երկու ժողովրդներին, հետաձգելով նաեւ հակամարտության համապարփակ եւ փոխընդունելի կարգավորման օրը: Ավելին, Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները, ինչպես նաեւ այն, որ նա համառորեն հրաժարվում է բանակցություններ վարել ղարաբաղյան կողմի հետ, լուրջ կասկածի տակ են դնում խնդրի լուծման հեռանկարը քաղաքակիրթ միջոցներով եւ ըմբռնելի փոխզիջումների հիմքի վրա: Այդ պատճառով հակամարտության չկարգավորվածությունը ինչպես նախկինում հանդիսանում է տարածաշրջանում նոր ապակայունացման սպառնալիք: Օգտվելով առիթից, կրկին հավաստիացնում եմ, որ ԼՂՀ ղեկավարությունը Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջատագովն է: Միեւնույն ժամանակ մեր ժողովուրդը կարող է համոզված լինել, որ ոչ ոքի չի հաջողվի խլել անդառնալի կորուստների գնով նվաճված Արցախի անկախությունը: ԼՂՀ համաժողովրդական Պաշտպանության բանակը ի զորու է արժանի հակահարված տալ բոլոր նրանց, ով կհամարաձակվի ոտնձգություններ անել մեր հայրենիքի դեմ: Դրա համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները եւ հնարավորությունները: Սակայն միայն անցած ուղու հերոսացմամբ, առանց հստակ, վաղվա օրվա հաշվարկված քայլերի մենք կարող ենք կորցնել ձեռք բերածը, ինչը մեր սերունդները մեղ չեն ների: Առաջիկայում եւս մենք պետք է ամրապնդենք մեր պաշտպանունակությունը, արագացնենք տնտեսության, սոցիալական եւ մշակութային ոլորտների զարգացման տեմպերը: Անհրաժեշտ է լիովին գործի դնել մեր հիմնական կարողությունը` ղարաբաղցիների մտավոր եւ հոգեւոր ներուժը, նրանց աշխատասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը, բազմապատկել Արցախի մշակութային ժառանգությունը: Այդ խնդիրների հաջող իրագործումը անհնար է առանց ԼՂՀ քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության կառուցման: Մեր քաղաքացիների իրավունքների պահպանումը, օրենքի գերակայությունը պետք է լինեն պետության գործունեության հիմնարար սկզբունքները: Այլընտրանք չկա եւ չի կարող լինել: Ղարաբաղյան պետության կայացումը անհնար կլիներ առանց Հայաստանի եւ Սփյուռքի ակտիվ աջակցության եւ օգնության: Սակայն մենք դեռեւս ոչ լիովին ենք օգտագործում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունու քաղաքական եւ տնտեսական ներուժը, այդ թվում նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում: Համոզված եմ, որ այս ուղղությամբ դեռ շատ բան կա անելու»: «Այս տոնական օրը մեզնից յուրաքանչյուրը պետք է տոգորվի պատաասխանատվությամբ Արցածի ապագայի համար: Իհարկե, մենք դեռ շատ չլուծված խնդիրներ ունենք: Սակայն մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները ոչ միայն համատեղ ջանքերով, ազնիվ աշխատանքով, փոխադարձ վստահությամբ եւ ուշադրությամբ յուրաքանչյուր արցախցու կարիքների հանդեպ: Շնորհավոր ձեր տոնը, թանկագին բարեկամներ: Ամենայն բարիք ձեզ, խաղաղություն եւ բարգավաճում մեր հայրենիքին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,-նշվում է Ա.Ղուկասյանի կոչի մեջ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---