ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԴՐԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել «Դրամի շրջանառության պատմությունը Հայաստանում» ցուցահանդեսի բացումը, կազմակերպված Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից եւ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 14-ամյակին: Բացման արարողությանը ներկա է եղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա հետ ժամանած պատվիրակության անդամները, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ հասարակայնության ներկայացուցիչներ: Լրագրողներին տված հարցազրույցում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է ԼՂՀ քաղաքացիներին ներկայացնել ազգային դրամի, նրա շրջանառության, ինչպես նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի պատմությունը: «Առաջին անգամ է ցուցադրվում դրամագիտական հազվագյուտ նմուշների նման հարուստ հավաքածու: Ընդ որում, ներկայացված են ոչ միայն մետաղադրամներ եւ դրամանիշներ, որոնք հանդիսանում են Հայաստանի Կենտրոնական բանկի սեփականությունը, այլ նաեւ որոշ մետաղադրամներ մասնավոր հավաքածուներից: Դա դարձնում է մեր ցուցահանդեսը առավել ընդարձակ եւ ընդունակ առավել լավ ցուցադրելու Հայաստանում դրամագիտության պատմությունը»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Հայաստանի ԿԲ նախագահը նշել է, որ դրամը կայացել է եւ կատարում է իր հիմնական ֆունկցիան որպես վճարման միավոր, քանի որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը դրամական եկամուտներ են ստանում եւ կատարում են իրենց գնումների 90 տոկոսը հայկական դրամով: Ցուցահանդեսում, որը կտեւի մի քանի օր, ներկայացված են հնագույն ազգային մետաղադրամներ: Ցուցադրվում են նաեւ առաջին հայկական թղթադրամները, ինչպես նաեւ բոլոր դրամանիշները, որոնք այսօր գտնվում են շրջանառության մեջ` թղթադրամները, մետաղադրամները եւ կոլեկցիոն մետաղադրամները: Ցուցահանդեսի առանձին մի մաս նվիրված է Հայաստանում բանկային համակարգի ստեղծման պատմությանը: «Ցուցադրված է նաեւ արցախյան դրամը, մասնավորապես, Շուշիյում թողարկված Ղարաբաղյան խանության ժամանակների արծաթադրամ, ինչպես նաեւ վերջերս Հայաստանի ԿԲ-ի կողմից թողարկված «Գանձասար» արծաթադրամը, որն արտացոլում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը: Ապագայում նախատեսվում է նոր մետաղադրամների եւ դրամանիշների թողարկում ղարաբաղյան խորհրդանիշներով»,-ասել է Սարգսյանը: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը հաղորդել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի ազգային դրամի թողարկումը, որն իրականացվում է ԼՂՀ կառավարության որոշմամբ, մեծ հետաքրքրություն է ներկայացնում, առաջին հերթին հավաքածուներ ունեցողների համար: Նրա խոսքերով, «ամբողջ աշխարհով մեկ արդեն տարածվել են տվայլ արտարժույթի նմուշները, ինչը հնարավորություն է տալիս միլիոնավոր մարդկանց ծանոթանալ Լեռնային Ղարաբաղին, ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն` նրա պետականության ատրիբուտներից մեկի դրամի հետ մեկտեղ»: «Ազգային դրամը համարվում է անկախ պետականության կարեւորագույն ատրիբուտներից մեկը, ըստ որի էլ դատում են պետության, նրա պատմության մասին»,-նշել է Տ.Սարգսյանը: Նրա խոսքերով, չի բացառվում, որ ղարաբաղյան դրամը, լինելով պաշտոնական վճարման միջոց ԼՂՀ-ում, շրջանառության մեջ դրվի նաեւ Հայաստանում: Ընդ որում Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական ոլորտը, տվյալ ոլորտի կարգավորումը, ֆինանսական հոսքերը, օրենքները, սուբյեկտները, ենթակառուցվածքները, շուկաները միասնական են: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ցուցահանդեսի անցկացման գաղափարի վերաբերյալ հարցին` Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ այն ծագել է դեռեւս մեկ տարի առաջ, հետապնդելով մի նպատակ` ծանոթացնել Հայաստանի բոլոր մարզերի հասարակայնությանը ազգային դրամի պատմությանը եւ առանձնահատկություններին: Ըստ Տիգրան Սարգսյանի, ցուցահանդեսի կազմակերպումը, ուղղված է դոլարացման դեմ եւ խրախուսելու է դրամի շրջանառությունը Հայաստանում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---