«Ապագան քոնն է» ՀԿ անդամներին ընդունել են Ազգային ժողովում

«Ապագան քոնն է» ՀԿ անդամներին ընդունել են Ազգային ժողովում

PanARMENIAN.Net - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 8-ին հանդիպում ունեցավ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության շուրջ 30 անդամների հետ: Հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Քո ձայնը երկրի ապագան է» ծրագիրը, որը Եվրոպական միության օժանդակությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի մի մասն է, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Ողջունելով ՀԿ անդամ՝ ավագ դպրոցների աշակերտների և ուսանողների այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական և օգտակար կլինեն: Հանդիպման մասնակիցերի խնդրանքով՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նախընտրական գործընթացներին, խորհրադարանի աշխատանքների առանձնահատկություններին, ներկայացրեց այլ երկրների հետ համեմատական վերլուծություն:

Ի պատասխան հարցադրման, թե հատկապես ինչով են տարբերվում նախագահական այս ընտրությունները նախորդներից, Արտակ Դավթյանը նկատեց, որ սպասվող ընտրությունները մի քանի քայլ առաջ են լինելու. նախըտրական շրջանն աչքի է ընկնում իր առողջ ընթացքով, հանդարտ մրցակցությամբ:

Հանդիպման մասնակիցները հարցեր ուղղեցին նաև մշակույթի, կրթության, գիտության ոլորտներից: ԵՊՀ պատմության ֆակուլտետում սովորող ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Արտակ Դավթյանը բուռն քննարկումների առիթ դարձած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի վերաբերյալ: Բարձր գնահատելով ֆիլմի՝ որպես քարոզչական հզոր գործիքի դերը, Արտակ Դավթյանը նշեց, որ չնայած մատնանշվող թերություններին՝ ընդհանուր գնահատականը դրական է, չարժի շատ խիստ դատել: Կրթության ոլորտի և աշխատաշուկայի միջև առաջարկ-պահանջարկ կապերին, անհամապատասխանություններին, որակի խնդիրներին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ երիտասարդների շատ մտահոգություններ արդարացված են, սակայն պետք է նաև նկատել, որ մեծ աշխատանք է կատարվել վերջին տարիների ընթացքում. Հայաստանում կրթության որակը տարբեր ցուցանիշներով ոչ միայն շատ բարձր է գնահատվում տարածաշրջանում, այլև մրցունակ է համարվում ամբողջ աշխարհում:

Ծավալված հարցուպատասխանի ընթացքում «Ապագան քոնն է» ՀԿ անդամները հետաքրքրվեցին նաև գիտական աստիճաններ և կոչումներ ստանալու կարգով ու չափանիշներով, ավագ դպրոցում կրթական ծրագրերի, մարզերում երիտասարդների կրթության, ժամանցի համար ստեղծված պայմանների և այլ խնդիրներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---