ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Բրազիլական կառավարությունը որոշում է ընդունել Հարավային Ամերիկայի խոշորագույն Սան Պաուլո քաղաքի պետական համալսարանի տարածքում հիմնել «Հանդուրժողության թանգարան», հաղորդում է Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Թանգարանում համապատասխան բաժիններ կհատկացվեն մարդկության դեմ իրագործված ծանրագույն հանցագործություններին` սկսած հնդկացիների դեմ բռնություններից եւ ինկվիզիցիայից մինչեւ հրեական հոլոքոսթն ու այլ ցեղասպանություններ: Թանգարանային համալիրի կառուցումը, որին հատկացվելու է 10 մլն ԱՄՆ դոլար, կավարտվի 1,5 տարի հետո: Ծրագրի պատասխանատուն է ՍՊՊՀ Անհանդուրժողականության երեւույթների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անիտա Նովինսկայան: «Ֆոլյա դե Սան Պաուլո» թերթում հարցի վերաբերյալ տպագրվել է ընդարձակ հոդված, ուր հեղինակը, հղում կատարելով ապագա թանգարանում Հայոց ցեղասպանության հնարավոր ներկայացմանը, հայտարարել է, թե այդ առիթով Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Ահմեդ Գյուրքանը բողոքի նամակ է ուղղել ծրագրի ղեկավարին, նշելով, թե «թուրքական կառավարությունը, երբեք չժխտելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած շատ ցավալի իրադարձությունները, չի ընդունում դրանց բնորոշումն իբրեւ ցեղասպանություն»:Օգոստոսի 31-ին Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Եղիազարյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտկոմի անդամ Տիգրան Բոխչալյանի, պրոֆեսորներ Հակոբ Քեշիշյանի եւ Երվանդ Թամջյանի ուղեկցությամբ այցելել է Ա. Նովինսկայային եւ նրան հանձնել պաշտոնական մի նամակ, որի մեջ շնորհավորելով թանգարանի նախաձեռնման հեղինակներին, իր եւ հայկական համայնքի անունից ընդգծել է, թե անկախ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական կառավարության կամ նրա դիվանագետների հայտարարությունների, այն հազարավոր փաստագրություններով ճանաչված իրողություն է եւ վստահություն հայտնել, որ այն իր մշտական տեղը կգտնի ապագա թանգարանի ցուցասրահներում: Հանդիպման ընթացքում հիմնավոր մեկնաբանություններ են տրվել Հայոց ցեղասպանության, նրա պատճառների ու հետեւանքների, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ներկա իշխանությունների որդեգրած քաղաքական կեցվածքի մասին, փոխանցվել են հարցի վերաբերյալ մի շարք գիտական հրատարակումներ եւ փաստագրական նյութեր: Երկուստեք մեծ հետաքրքրություն է դրսեւորվել ՀՀ ներկայացուցչության, բրազիլահայ համայնքի մտավորականության եւ Սան Պաուլոյի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի հետ թանգարանի համատեղ աշխատանքների իրականացման նկատմամբ: Առանձնակի շեշտվել է բրազիլացիների ցանկությունը` համագործակցության սերտ կապեր հաստատել ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---