Ս. Սարգսյան. Գյումրեցին կունենա տանիք և կայուն աշխատանք

Ս. Սարգսյան. Գյումրեցին կունենա տանիք և կայուն աշխատանք

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակել է Գյումրիում: Նա հանդիպել է գյումրեցիների հետ`ակնկալելով, որ նրանք եկել եք ոչ միայն լսելու, այլև սատարելու:

Սերժ Սարգսյանը նշել է, որ չի էլ հիշում, թե հանրապետության նախագահի կամ դրանից առաջ՝ պետական այլ պաշտոններում, իսկ ավելի առաջ՝ ուսանողական տարիներին, քանի անգամ է հյուրընկալվել գյումրեցիներին, բայց խոստովանել է, որ երկու բան Գյումրիից իր հետ միշտ տարել է` ավելի մեծ լավատեսություն և, բնականաբար` նոր հումոր:

«1980 թվականին՝ մոսկովյան օլիմպիադայից հետո, երբ Յուրի Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն` հեղինակելով մինչ այսօր չգերազանցված ռեկորդներ, գյումրեցուն հարցնում են. «Ինչո՞ւ Յուրի Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր»: Գյումրեցին պատասխանում է. «Որովհետև Լենինականից միայն Յուրիկին էինք ուղարկել օլիմպիադա», - հիշել է Սերժ Սարգսյանը ու նշել, որ ամեն անգամ Գյումրի այցելելիս երկակի զգացումներ է ունենում:

«Մի կողմից Գյումրու և գյումրեցու նկատմամբ պարտավորվածության զգացում, որն ինձ հուշում է ավելին, գուցե նաև անհնարինն անելու, որպեսզի օր առաջ Գյումրին դառնա ավելի բարեկեցիկ ու բարեկարգ` վերագտնելով իր երբեմնի հպարտությունն ու քաղաքային կյանքին բնորոշ նախանձելի որակները: Մյուս կողմից ունեմ հանգստության ներքին զգացում, քանի որ այս տարիների ընթացքում շարունակել ենք Գյումրու վերականգնման դժվարին առաքելությունը` դրա համար չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ միջոցներ և ո՛չ էլ հոգատարություն ու ուշադրություն: Այստեղ էլ չեմ կարող չանդրադառնալ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, որը սարսափելի ավերածություններ առաջացրեց աշխարհի շատ` անգամ բարեկեցիկ երկրների տնտեսություններում: Ցավոք, մենք էլ անմասն չմնացինք այդ աղետի բացասական հետևանքներից ու հարվածներից, որոնց ուժգնությունն իր վրա վերցրեց հատկապես մեր տնտեսության առանցքային ճյուղերից մեկը` շինարարությունը», - ասել է Սերժ Սարգսյանն ու նշել նաև, որ «աղետի գոտի» արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը:

«Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ է զարգացման նպատակադրումները: Այսօր գյումրեցուն պետք է տանիք, կայուն աշխատանք և հավատ վաղվա օրվա հանդեպ: Մեր աշխատանքներն ու ջանքերն այս երեք ուղղություններով երբեք չպետք է դադարեն և, ամենակարևորը, պետք է լինեն փոխկապակցված: Մայրաքաղաքային, մարզային ու տեղական-համայնքային իշխանությունների համադրված գործողությունների առաջնահերթություններ են դառնալու. - արտադրական նոր հնարավորությունների ու աշխատատեղերի ստեղծումը, - հարկային քաղաքականության նոր մոտեցումներով ներդրումները դեպի համայնքներ ուղղելը, - քաղաքային տնտեսությունը կարգի բերելն ու քաղաքային համայնքին վայել ենթակառուցվածքների ձևավորումը, - բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, - քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավումը և շատ ու շատ ադպիսի խնդիրներ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում թեկնածուն նաև նշել է, որ տեսանելի ապագայում Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում Գյումրին Երևանին է կապված լինելու նոր, ժամանակակից արագընթաց մայրուղով:

«Փետրվարի 18-ին քվեարկեք «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի համար. դա ապահով հայրենիքի, ապահով Գյումրու և բոլոր ապահովված ընտանիքների ծրագիրն է: Օգնեք ինձ` միասին մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսի երկրում արժանի ենք ապրելու և՛ դուք, և՛ մենք: Շատ շնորհակալ եմ մեկ անգամ ևս, որ դուք այսօր այստեղ եք, սիրելի գյումրեցիներ և հույս ունեմ, որ Գյումրին Հանրապետության մնացած համայնքների հետ միասին կանի ամեն ինչ, որպեսզի անցկացնենք լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ: Ու նաև այս ընտրությունների և՛ արդյունքից, և՛ որակից է կախված, թե ինչպիսի տեմպերով կզարգանա Գյումրին», - ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---