Դատախազություն. Զ. Փոստանջյանը հայտնել է, որ ահազանգը ստացել է անհայտ քաղաքացուց

Դատախազություն. Զ. Փոստանջյանը հայտնել է, որ ահազանգը ստացել է անհայտ քաղաքացուց

PanARMENIAN.Net - 2013 թվականի փետրվարի 17-ին լրատվամիջոցներում հրապարակված «5-25 հազար դրամից մինչև գունավոր գրիչներ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանն ահազանգեր է ստացել Շիրակի մարզի Սարատակ գյուղում 5 հազար դրամանոց չեքեր ընտրողներին բաժանելու վերաբերյալ և որ բաժանվում են նաև գունավոր գրիչներ` հայտնելով, որ ընտրողները պարտավոր են քվեաթերթիկում նշումներ անել միայն այդ գրիչներով, հայտնում է ՀՀ դատախազության մամլո ծառայությունը:

Շիրակի մարզի դատախազի ցուցումով նշված հաղորդումը դարձել է քննության առարկա: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քնչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում Զ.Փոստանջյանին առաջարկվել է ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող նյութերը: Սակայն տիկին Փոստանջյանը հայտնել է, որ նշված տեղեկությունն իրեն հեռախոսով հայտնել է անծանոթ մի քաղաքացի, ով չի ներկայացել, իսկ զանգահարողի հեռախոսահամարն ինքը չի պահպանել:

Բացատրություններ են վերցվել Սարատակ գյուղի գյուղապետ Մ.Ղզրոյանից, ով հայտնել է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավին ինքը կամ գյուղապետարանից որևէ այլ աշխատակից չի մասնակցել: Բնակիչներին 5000 դրամանոց կտրոններ, գունավոր գրիչներ չեն բաժանվել: Այդ մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իրենց գյուղում ընտրողների ազատ կամքի արտահայտումը չի խոչընդոտվել, և որևէ մեկը չի ուղղորդել, թե ում օգտին քվեարկեն: Թե ով, երբ, ինչ հանգամանքներում և ինչ նպատակով է Զ.Փոստանջյանին նման կեղծ տեղեկություն հայտնել, չի կարող ասել:

Բացատրություններ են վերցվել նաև Սարատակ գյուղի մի շարք բնակիչներից, ովքեր հերքել են իրենց գյուղում ընտրողներին 5000 դրամանոց կտրոններ, գունավոր գրիչներ բաժանելու մասին տեղեկությունները` նշելով, որ դրանք կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում:

Զ.Փոստանջյանի հայտնած տեղեկությունները ստուգելու նպատակով հանձնարարություն է տրվել նաև ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնին, որի պատասխանը դեռևս չի ստացվել:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է, ասվում է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---