ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Ստամբուլում մեկնարկել է «Օսմանյան հայերը կայսրության փլուզման ժամանակաշրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» խորագրով երկօրյա միջազգային կոնֆերանսը: Միջոցառումը, սակայն, ընթանում է փոփոխված ձեւաչափով` ավելի վաղ նախատեսված երեք օրվա փոխարեն այն կտեւի 2 օր, փոխվել է նաեւ կոնֆերանսի անցկացման վայրը` Բողազիջի համալսարանի փոխարեն այն անցնում է Բիլգի համալսարանում: Գիտաժողովի անցկացման վայրի մոտ է բերվել ոստիկանական տեխնիկա, ուժեղացվել են անվտանգության միջոցները: Առավոտից այս շրջանում մի քանի հարյուր ազգայնականներ բողոքի գործողություն են անցկացնում, վանկարկելով հայրենասիրական կարգախոսներ: «Հանդիպումը ապօրինի է, մենք թույլ չենք տա այն անցկացնել եւ այդ նպատակով կգանք համալսարանի մոտ»,-հայտարարել է լրագրողներին Թուրքիայի ազգայնական շարժման ծայրահեղ աչ կուսակցության ներկայացուցիչ Քեմալ Քերինչսիզը: Հիշեցնենք, որ հայկական հարցին նվիրված կոնֆերանսի անցկացումը նախատեսվում էր սեպտեմբերի 23-ին: Սակայն, թուրքկան դատարաններից մեկը բավարարել էր Թուրքիայի իրավաբանների միության հայցը եւ արգելել էր միջոցառման անցկացումը: Սկզբում, գիտաժողովի անցկացումը նախատեսվում էր ընթացիկ տարվա մայիսի 25-ին, սակայն տեղափոխվեց, քանի որ Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը այդ գաղափարն անվանեց «դաշյուն, խրված թուրք ժողովրդի մեջքին»: Կարծիքներ էին հնչում, որ երկրում արգելվում է ազատ արտահայտել գիտական տեսակետները, իսկ պատմաբաններին հալածում են: Սակայն, մեծամասնության համար պարզ էր, որ կոնֆերանսում կարող է արծարծվել Հայոց ցեղասպանության թեման: Մինչդեռ, դատարանի որոշումը քննադատեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` անվանելով այն անհամատեղելի ժողովրդավարական եւ քաղաքակիրթ հանրության նորմերի հետ: Թուրքիայի իշխանությունները քննադատվեցին նույնիսկ Եվրահանձնաժողովի կողմից: «Այդպիսի որոշման համար պատճառաբանության բացակայությունը կոնֆերանսից մեկ օր առաջ նման է եւս մեկ սադրանքի»,-ուրբաթ օրը հաղորդել է ընդլայնման հարցով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստինա Նաղին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---