28 սեպտեմբերի 2005 - 08:15 AMT
ՀԱՅ ՍՊԱՅԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը
Երեկ Հունգարիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով հերթական դատական նիստը, որին մեղադրում են հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Ադրբեջանցի փաստաբան Ադիլ Իսմայլովի խոսքերով, դատավարությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը: Հետաձգման պատճառ հանդիսացան փորձագետների տարաձայնությունները Ռամիլ Սաֆարովի հոգեբանական վիճակի վերաբերյալ: Երեք հունգարացի փորձագետների կարծիքները, որոնք անց էին կացնում հետազոտությունը, միանշանակ չէին, այդ պատճառով դատարանը նշանակել է եւս մեկ փորձագիտություն: Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջ» գործակալությունը, նիստը բացել է նախագահող դոկտոր Անդրաշ Վաշկուտին: Նա ընթերցել է հայ փաստաբանի գրավոր հարցապնդումը` դատական գործընթացին ներգրավել նաեւ բժշկական փորձագետի Հայաստանից: Դատավոր Ա.Վաշկուտին մերժել է այդ խնդրանքը, բացատրելով դա նրանով, որ նման անհրաժեշտություն չկա եւ դա միայն կձգձգի դատավարությունը: Նսիտի ընթացքում ընթերցվել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան նամակը առ այն որ ադրբեջանական կողմից վկա հանդիսացող Անար Ալիեւը չի մասնակցի դատավարությանը հիվանդության պատճառով: Լիտվացի վկան նույնպես չի մասնակցել նիստին, սակայն ընթերցվել են նրա գրավոր ցուցմունքները: Դատարանը լսել է հայկական կողմից վկա Հայկ Մանուչարյանին: Նա պատասխանել է նախագահի, դատախազի եւ ադրբեջանական կողմի փաստաբաններ` դոկտոր Պետեր Զալաիի եւ Դյերդ Մադյարի հարցերին: Այնուհետեւ դատարանը դիտարկել է փորձաքննության հարցը: Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությունը անց էր կացվել ողբերգական միջադեպից անմիջապես հետո: Երկրորդը անց է կացվել ավելի ուշ ադրբեջանական կողմից դիտորդների մասնակցությամբ: Քանի որ երկու փորձագիտական խմբերի կարծիքները հակասում էին իրար, դատավորը որոշեց, որ անհրաժեշտ է անցկացնել երրորդ փորձաքննությունը: Դատավորը փակեց դատարանի 4-րդ նիստը հայտարարելով, որ հաջորդը կկայանա դեկտեմբերի 15-ին: Դատարանի դահլիճում ներկա էին Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, ադրբեջանցի մարզիկներ, որոնք մասնակցում էին այստեղ ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, Բուդապեշտի բուհերում ուսանող ադրբեջանցի ուսանողներ: Հիշեցնենք, որ դատավարությունը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերի 23-ին: Ռ.Սաֆարովը մեղադրվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ (2004 թ փետրվարի 19), որը մասնակցում էր Հունգարիայում ընթացող ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված դսաընթացներին: Նախորդ դատական նիստը տեղի է ունեցել ընթացիկ տարվա փետրվարի 8-ին: Ռ.Սաֆարովը մեղադրվում է Հունգարիայի ՔՕ 166.2 հոդվածով (սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում): Տվյալ հոդվածը նախատեսում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: