2020թ. Հայաստանում կարտադրվի 60 000 տոննա տավարի միս

2020թ. Հայաստանում կարտադրվի 60 000 տոննա տավարի միս

PanARMENIAN.Net - Հայաստանը բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ունի տավարի մսի իր պահանջարկն ապահովելու համար: Ինչպես ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ, արդեն 2020թ. Հայաստանում կարտադրվի 60 000 տոննա տավարի միս:

Սերգո Կարապետյանը նշել է, որ անասնաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է ամեն տարի 10-11 հազար տոննայով ավելացնել տավարի մսի արտադրությունը, ինչը թույլ կտա մինչև 2020 թվականը կրճատել այդ ապրանքի ներմուծումը երկիր և ամբողջությամբ ապահովել ներքին շուկայի պահանջարկը:Այդ նպատակով գյուղնախարարությունը մտադիր է ավելացնել անասնակերի ցանքատարածությունները:

2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա կառավարության կարևորագույն ծրագրերից է։ «Մենք շարունակում ենք բարձրորակ սերմեր ներկրել Հայաստանի Հանրապետություն, և հասկանալի է` արտադրողականության աճ ենք ապահովում դրա շնորհիվ, - շեշտել է վարչապետը։ - Հայտերն ստացել ենք մարզպետներից, պահանջարկը գնահատվել է։ Գինը, որով մենք տալու ենք` հաշվի առնելով ներքին հանրապետական գները, շուկայականից ցածր է, և շուրջ 40 տոկոսով մենք փաստորեն սուբսիդավորում ենք։ Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ մեծ ծավալի կորնգան ենք ներկրում` առաջին անգամ շուրջ 530 տոննա, որը հիմնականում որպես կեր է օգտագործվում և որն էապես փոխելու է իրավիճակը»։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---