«Մատաղիսի գործ». 2 խոստովանական ցուցմունք կա ու ոչ մի մեղադրյալ

«Մատաղիսի գործ». 2 խոստովանական ցուցմունք կա ու ոչ մի մեղադրյալ

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր սկսել է «Մատաղիսի գործով» արդարացման դատավճռի դեմ տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի և գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազության բողոքների քննությունը:

Ռոման Եղիազարյանի մայրն ու իրավահաջորդը` Գոհար Մելքոնյանը, ներկայացնելով իր բողոքը, դիմեց դատարանին.«Եթե մանրամասն ուսումնասիրեք բոլոր խոստովանական ցուցմունքները, ապա դուք էլ կմիանաք մեզ և ճիշտ վճիռ կկայացնեք: Ռազմիկ Սարգսյանը տեսագրության մեջ պատմում է, թե ինչպես են սպանել 2 անմեղ զինվորներին ու ջուրը գցել: Վկաների ցուցմունքները և փորձագիտական եզրակացությունները նույնպես հաստատում են մարդասպան Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքը»:

Արդարացված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի պաշտպաններից Գ.Ալումյանը, պատասխանելով արդարացման դատավճռի դեմ բողոքներին, նշեց, որ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն ակնհայտորեն տեղյակ չէ, որ այս գործով կա ևս մեկ խոստովանական ցուցմունք:

Հիշեցնենք, որ զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2003 թվականին: 2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

«Արման Գրիգորյանը, որն այս գործով վկա է, նույնպես խոստովանել է սպանությանն իր մասնակցությունը` նշելով այլ շարժառիթներ ու այլ հանցակիցներ` արդարացված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի հետ կապ չունեցող այլ անձանց` Վահե Հովհաննիսյանին, Սամվել Պողոսյանին, Ղևոնդ Եգորյանին և Երվանդ Պետրոսյանին: Պաշտպանական կողմը կարևոր ապացույց է համարում նաև այն, որ այս մարդկանց անունները նախաքննության փուլում նշել են նաև այլ վկաներ, սակայն հետագայում նրանք հրաժարվել են իրենց ցուցմունքներից` պատճառաբանելով, որ իրենց վրա բարոյահոգեբանական ճնշումներ են գործադրվել: Եթե ցուցմունքներից հրաժարվելու համար այդ պատճառաբանությունն ընդունվում է որպես հիմնավոր, ինչն է պատճառը, որ Ռազմիկ Սարգսյանի դեպքում այդպես չի ընդունվում», - ասաց Գ.Ալումյանը ու ավելացրեց.«Բացի այս Արման Գրիգորյանն իր հոր և եղբայրների ներկայությամբ ռազմական ոստիկանությունում հայտնել է, որ ինքը ևս մասնակցել է այս սպանությանը: Եվ ինքն է սպանված զինվորներին ջրանցքը գցել: Հետագայում մեղադրող կողմը որոշել է, որ այս վկան ոչ մի կապ չունի սպանության հետ, բայց մինչև հիմա չի նշում, թե ինչը կամ ով կարող էր ստիպել այս վկային նման ցուցմունքներ տալ»:

Ի դեպ մյուս տուժողի` Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը համամիտ է արդարացված նախկին մեղադրյալների պաշտպանի հետ` դեմ լինելով Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի և զինվորական դատախազության բողոքներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---