Փոխվարչապետ. Իրաքը և Հայաստանը առողջապահության ոլորտում փոխգործակցության լուրջ նախադրյալներ ունեն

Փոխվարչապետ. Իրաքը և Հայաստանը առողջապահության ոլորտում փոխգործակցության լուրջ նախադրյալներ ունեն

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության առողջապահության փոխնախարար Սաթար Ջաբար Արեմշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Իրաքի հետ հարաբերությունների խորացումը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նա նկատել է, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, իսկ նոյեմբերին Բաղդադում կայացած միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը նոր թափ են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

«Ուրախ եմ, որ այդ փոխայցելությունների և համագործակցության արդյունքներն արդեն նկատելի են: Հուսով եմ, որ այս այցի ընթացքում կհաջողվի առողջապահության ոլորտում փոխգործակցության լուրջ նախադրյալներ ստեղծել», - նշել է Ա.Գևորգյանը:

Փոխվարչապետը նաև ՀՀ կառավարության անունից հավաստիացրել է, որ հայկական կողմը պատրաստակամ է աջակցել Իրաքի առողջապահական համակարգի զարգացման ու արդիականացման աշխատանքներին: Նա նաև տեղեկացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Իրաքի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկությունները, և այդ փաստաթղթերի ստորագրումն էապես կնպաստի գործակցության խորացմանը:

Հյուրերը նշել են, որ Իրաքի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում առողջապահության ոլորտի զարգացմանը, և իրաքյան կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությամբ` թե դեղագործական, թե բուժական, թե բժշկական կրթության բնագավառներում:

Պատվիրակությունը, որի կազմում են բժշկական և դեղագործական հաստատությունների ներկայացուցիչներ, Հայաստանում բժշկական համակարգի ներուժին և հնարավորություններին ծանոթանալու, փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով առաջիկա օրերին կայցելի Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ, դեղագործական կենտրոններ, հանդիպումներ կունենա Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---