Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում վերականգնվում են ջրային համակարգի ենթակառուցվածքները

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում վերականգնվում են ջրային համակարգի ենթակառուցվածքները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ծանոթացավ ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին, որոնք իրականացվում են միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Փոխվարչապետը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ու «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանի ուղեկցությամբ նախ եղավ Արզնի- Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի վերականգնվող հատվածներում, ծանոթացավ աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրանցքի 8 կմ-անոց հատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել ապրիլին: Ա. Գևորգյանը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոռոգման հիմնական շրջանում ջրանցքը լիարժեք հնարավոր լինի օգտագործել: Այնուհետև «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերությունում (ՋՕԸ) ոլորտի պատասխանատուների, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի, տարածշրջանի մյուս ՋՕԸ-ի տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր: Ա. Գևորգյանը պատասխանատուներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել ոռոգման նոր շրջանին, որպեսզի մեկնարկի հետ կապված խնդիրներ չառաջանան, և ՋՕԸ-երը պատրաստ լինեն պահանջարկին համապատասխան ջրամատակարարում ապահովել:

Կոտայքից փոխվարչապետը մեկնեց Գեղարքունիք, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ուղեկցությամբ Մարտունի քաղաքում այցելեց կեղտաջրերի մաքրման նորակառույց կայան, ծանոթացավ կատարված աշխատանքներին և կայանի հզորություններին: Մարտունու կայանը շահագործման է հանձնվել տարեսկզբից: «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում նման կայաններ են կառուցվել նաև Գավառ և Վարդենիս քաղաքներում`լճի ավազանի, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով: Կայաններն ամբողջ հզորությամբ կգործարկվեն այս տարվա ապրիլին:

Կայանների մաքրման ծավալի առավելագույն հզորությունը Գավառ քաղաքի համար նախատեսված է օրական մինչև 19000 խմ, իսկ Մարտունի և Վարդենիս քաղաքների համար`մինչև 9500 խմ: Կայանների կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 12 մլն եվրո: Նշված երեք քաղաքներում կառուցվել են նաև կոյուղագծեր` ընդհանուր առմամբ 52 կմ երկարությամբ: Գավառում ևս փոխվարչապետը ծանոթացավ կառուցված կայանի հնարավորություններին, որից հետո մարզպետի, «Հայջրմուղկոյուղի» ընկերության ղեկավարի, ինչպես նաև Գավառի, Մարտունու, Վարդենիսի քաղաքապետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեց ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերի ընթացքը:

Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց իրականացվող աշխատանքների և 2013թ. ակնկալվող արդյունքների մասին: Փոխվարչապետը կարևորեց պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը` ծրագրերի հաջող իրականացման և ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման առումով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---