Կոստանայի հայերն այբբենարանների, մեթոդական ձեռնարկների, բառարանների կարիք ունեն

Կոստանայի հայերն այբբենարանների, մեթոդական ձեռնարկների, բառարանների կարիք ունեն

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Ղազախստանի Կոստանայ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Կոստանայի մարզում ապրում է շուրջ 2000 հայ: Տեղի հայկական համայնքը Ղազախստանի ամենաակտիվ համայնքներից է, այն գործում է մոտ 20 տարի: Համայնքը ակտիվ դերակատարություն ունի Ղազախստանի հասարակական և մշակութային կյանքում: Հեռաակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլավյանը և Դ. Կարապետյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ: Կոստանայից հեռակոնֆերանսին մասնակցում էին Ղազախստանի Հանրապետության «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների միավորման նախագահի տեղակալ Շանթ Մկրտչյանը, «Էրեբունի» մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Աբրահամյանը, Կոստանայի կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը ներկայացրեց նախարարության կողմից 2013թ իրականացվելիք համահայկական ծրագրերը, մրցույթներն ու մասնագիտական համաժողովները, դրանց մասնակցության պայմանները՝ կոչ անելով այսուհետ ևս ակտիվորեն մասնակցել այդ ծրագրերին:

Կոստանայի կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Գայանե Չիչոյանը ներկայացրեց դպրոցում մայրենի լեզվի և պատմության դասավանդման հետ կապված դժվարությունները, պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության կողմից դպրոցին առաքել այբբենարաններ, ուսումնաօժանդակ նյութեր, մեթոդական ձեռնարկներ, բառարաններ:

Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով Կոստանայ քաղաքի «Էրեբունի» հայկական մշակութային կենտրոնին կառաքվեն նաև հայկական տարազներ: Նախարարության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը առաջարկեց հայաշատ բնակավայրերում նոր կիրակնօրյա դպրոցներ հիմնելու անհրաժեշտության դեպքում ևս համագործակցել:

Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» միջոցառումների շրջանակում համայնքի կողմից իրականացվելիք հետագա ծրագրերը: «Էրեբունի» մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Աբրահամյանը ներկայացրեց համայնքին հուզող իրավական, կրթական և այլ բնույթի հարցեր: Քննարկումների արդյունքում որոշվեց հետագա ակտիվ համագործակցության շնորհիվ լուծել համայնքում առկա խնդիրները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---