ՀՀ մարզերի բնակիչներն անվճար ակնային զննում կանցնեն ու կստանան համապատասխան բուժում

ՀՀ մարզերի բնակիչներն անվճար ակնային զննում կանցնեն ու կստանան համապատասխան բուժում

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզով մեկնարկում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2013 թ. ծրագիրը, որի նպատակն է ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Այս մասին հայտնում են Orange Հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Ծրագիրն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում բժիշկ մասնագետները կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց անվճար բուժումը ստանալու համար: Նրանք, ով ակնոցի կարիք կունենան, կստանան նաև հատուկ իրենց համար պատրաստված ակնոց: Կոտայքի մարզում ակնային զննումները կիրականացվեն Նաիրիի շրջանում մինչև մարտի 19-ը, մարտի 20-ից ապրիլի 2-ը՝ Կոտայքի շրջանում, և ապրիլի 3-ից 16-ը՝ Հրազդանի շրջանում: Ավելի ուշ աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Եղվարդում, Աբովյանում, Չարենցավանում և Հրազդանում: Մանրամասների համար մարզի բնակիչներին անհրաժեշտ է դիմել իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևել այնտեղ փակցված հայտարարություններին:

2013 թվականի ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրում է 26,500,000 դրամ: Հիշեցնենք, որ ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի 2011 - 2012 թթ. համատեղ ծրագրերի արդյունքում Հայաստանի 6 մարզերում` Արագածոտնում, Շիրակում, Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում և Արմավիրում անվճար բժշկական ծառայություններից արդեն օգնվել են 23,364 մեծահասակներ և 5,783 երեխաներ: Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություն են անցել 3,055 բնակիչներ, որոնցից 1,900-ն ստացել են անվճար վիրահատություններ և լազերային բուժումներ: Դուրս է գրվել 10,939 ակնոց: ՀՀ մարզերի 36 դպրոցներում 1,944 երեխաներ մասնակցել են աչքի խնամքի հանրակրթական դասընթացների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---