Սիրիայում գտնվող հայերին առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն

Սիրիայում գտնվող հայերին առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակից կառույցների ներկայացուցիչներին և կարևորել ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերում նրանց ներգրավվածությունը:

Հանդիպման ընթացքում հասարակական, համահայկական և հոգևոր կառույցներին ներկայացվել է վերջին շրջանում Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայկական համայնքում տիրող իրավիճակը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարված աշխատանքները: Հ. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում մեծ ներդրում ունեցած հասարակական կազմակերպություններին: Այս գործում անգնահատելի դերակատարում ունեն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները, Հայ օգնության միությունը, տեղական և միջազգային այլ կառույցներ:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ: Հանձնաժողովի քարտուղար Լ. Ստեփանյանը մասնակիցներին ներկայացրել է պետության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացված աշխատանքները: Ներկայացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի, կացության կարգավիճակի, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգի հեշտացման, կրթական, առողջապահական խնդիրների լուծման նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը: Գործարար ոլորտում կարևորվել է ՓՄՁ ԶԱԿ-ի ցուցաբերած աջակցությունը սիրիահայերին, բիզնես-ծրագրերի վարկավորմամբ:

Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար այժմ առաջնահերթ լուծում պահանջող կարևորագույն խնդիրները շարունակում են մնալ կեցության և աշխատանքով ապահովելու հարցերը: Հ. Հակոբյանը նշել է, որ մշակման փուլում է սիրիահայերին երևանամերձ բնակավայրերում բնակարանաշինության հնարավորություն ընձեռելու ծրագիրը: Իսկ Սիրիայում ծանր կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ նախագահի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---